12 հունիսի 2026 - 12:23 AMT
ԲՀԿ-ն կոչ է անում 13:00-ին հավաքվել ԿԸՀ մոտ․ Ծառուկյանն ասել է, որ սկսում են քայլերի շարք

ԲՀԿ-ն կոչ է անում ժամը 13:00-ին հավաքվել ԿԸՀ մոտ՝ բողոքի ձայնը բարձրացնելու: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Այսօր ժամը 13:00-ին կոչ ենք անում մեր բոլոր մտահոգ քաղաքացիներին, ԲՀԿ-ի համակիրներին հավաքվել ԿԸՀ մոտ՝ իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ։ Մեր քաղաքացիներից խլում են իրենց ազատ կամարտահայտման իրավունքը և ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա»,-գրել է նա:

Նույն կոչով է հանդես եկել նաև ԲՀԿ-ի պատգամավորության թեկնածու Հրաչյա Ռոստոմյանը:

ԲՀԿ-ի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ մինչ այդ՝ ժամը 12։00-ին, Արգիշտի 9 հասցեում գործող տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն կուսակցության հետագա գործողությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ շատ քվե է ստացել։

Նա հայտարարել է, որ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին։

«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների, մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ»,-նշել է Ծառուկյանը:

Նա նշել է․ որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտել է ընտրապայքարի մեջ՝ ներկայացուցչական կազմով և ընտրողների գնահատականին ներկայացրել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որի վրա տասնյակ մասնագետներ ամիսներ շարունակ աշխատել են:

«Ցավոք, քարոզարշավի ընդամենը 4-5-րդ օրերին արդեն պարզվեց, որ իշխանություններին քաղաքակիրթ պայքարը չէր հետաքրքրում։ Մեր դեմ սանձազերծվեց տգեղ, հակաիրավական և հակաբարոյական արշավ. քրեական հետապնդումների ենթարկվեցին մեր բազմաթիվ համակիրներ և ակտիվիստներ, եղան կալանավորումներ՝ հորինված մեղադրանքներով։ Իշխող ուժը մեր դեմ վարեց վիրավորանքներով և զրպարտանքով լի գռեհիկ արշավ։

Մենք որոշեցինք չտրվել սադրանքների և չմտնել այդ բառապաշարի, այդ տրամաբանության մեջ։ Ինչպես ես, այնպես էլ մեր թիմի ակտիվ անդամները երբևէ չիջեցրինք քաղաքակիրթ բանավեճի նշաձողը, մնացինք քաղաքական պայքարի շրջանակներում։

Բոլոր խոչընդոտներից, ուժային և քարոզչական գրոհներից, բացարձակ անհավասարության պայմաններում անցկացված քարոզարշավից հետո, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման և ընտրողի վրա ահռելի ճնշումներով անցկացված ընտրությունների պայմաններում նույնիսկ, մեր քաղաքական ուժը չկոտրվեց, հավաքեց բավարար ձայներ՝ խորհրդարան մտնելու համար։ Սկզբում մեր ձայները տեխնիկապես իջեցվեցին, և մենք սկսեցինք քվեների վերահաշվարկ, որը մեզ թույլ տվեց վերականգնել պակասող ձայները։

Երբ այլևես որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության. ուշ երեկոյան գաղտագողի անցկացվեց ԿԸՀ նիստ, որտեղ չեղարկվեցին երկու տեղամասերում անցկացված ընտրությունները՝ առանց վերաքվեարկություն նշանակելու, ինչպես պահանջում է Ընտրական օրենսգիրքը։

Ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ շատ քվե է ստացել։ Միաժամանակ, չեն չեղարկվել այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ ձայների զրոյացումը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա»,-գրել է Ծառուկյանը:

Նա շնորհակալություն է հայտնել իրենց աջակցություն հայտնած բոլոր քաղաքական ուժերին, հանրային գործիչներին, լրատվամիջոցներին։

«Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։

Ձեզ տված բոլոր խոստումներն ու հավաստիացումներն ուժի մեջ են, ոչինչ չի փոխվել և չի փոխվելու։ Ես ձեր Ծառուկյանն եմ»,-ասվում է հայտարարության մեջ:

Հունիսի 11-ին ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Երկու դեպքերում էլ արձանագրվել է զինծառայողների մասնակցությամբ քվեարկություն ժամը 20։00-ից հետո, ինչը համարվել է Ընտրական օրենսգրքի խախտում։

ԿԸՀ-ի որոշումից հետո Իվետա Տոնոյանը գրել է. «Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է»: