12 հունիսի 2026 - 12:25 AMT
ՀԿԿ․ Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ը կալանավորվել է, 1-ը տնային կալանքի տակ է

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Այդ մասին տեղեկացրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Factor.am-ը:

Կոմիտեն նախօրեին հայտնել էր, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն քաղաքական ուժի համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններում իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք է տվել։

Ըստ հաղորդման՝ հիշյալ կուսակցության համակիրները նաև նույն մարզի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռել են, որպեսզի նրանք մասնակցեն նշված կուսակցության կողմից Երևան քաղաքում 2026 թվականի հունիսի 4-ին կազմակերպված հավաքին։

4 անձ ձերբակալվել էր ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով:

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։

Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։