
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները՝ պատճառաբանելով դա բանակցային գործընթացում արձանագրված առաջընթացով և հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությամբ։
Իրանական կողմի հետ շփումներից հետո, Թրամփի խոսքով, ձևավորվել է ռազմական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորություն, գրում է Deutsche Welle-ն:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ որոշումը կայացվել է բանակցությունների ընթացքում ստացված դրական ազդակներից հետո։
«Հաշվի առնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները ներկայացվել են Իրանի բարձրագույն ղեկավարությանը և ստացել են հավանություն, ես չեղարկել եմ այս երեկոյի համար նախատեսված հարվածները», - գրել է նա հունիսի 11-ի երեկոյան Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ից բացի, ապագա համաձայնագրի վերջնական դրույթները համաձայնեցվել են նաև «բոլոր ներգրավված կողմերի»՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քաթարի, Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Եգիպտոսի և մի շարք այլ երկրների հետ։
«Ծովային շրջափակումը կմնա ամբողջությամբ ուժի մեջ մինչև այս գործարքի ավարտը․ ստորագրման ժամանակն ու վայրը կհայտարարվեն մոտ ապագայում», - հավելել է նա։
Նույն երեկոյան լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը, ինչպես փոխանցել է AFP-ն, հայտնել է, որ Թեհրանի հետ «հրաշալի համաձայնագիրը» կարող է ստորագրվել արդեն առաջիկա հանգստյան օրերին՝ ենթադրաբար Եվրոպայում։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ անձամբ չի մասնակցի ստորագրման արարողությանը, քանի որ հունիսի 14-ին նշելու է իր 80-ամյակը։ Նրա փոխարեն ներկա կլինի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ համաձայնագիրը կապահովի, որ Իրանը «երբեք միջուկային զենք չունենա», իսկ Հորմուզի նեղուցը կրկին կբացվի նավագնացության համար։
Հատկանշական է, որ դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը խոսել էր Իրանի կարևորագույն նավթային հանգույցներից մեկի՝ Խարկ կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու մտադրության մասին։
«Ես կնախընտրեի հենց դա։ Վստահ չեմ, որ ԱՄՆ-ն բավարար վճռականություն կունենա», - ասել էր նա։
Նույն հարցազրույցում նա նաև հայտարարել էր «նոր հարվածներ՝ ավելի լայնածավալ, ավելի հզոր, ավելի ուժգին», սակայն միաժամանակ ընդգծել էր, որ չի ցանկանա հարվածներ հասցնել կամուրջներին և էներգետիկ ենթակառուցվածքներին։
Մինչդեռ Իրանի իշխանությունները հասկացնել են տվել, որ Վաշինգտոնի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական դիրքորոշում դեռևս ձևավորված չէ։
«Այս պահին Իրանը դեռևս վերջնական որոշման չի հանգել համաձայնագրի հարցում», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հունիսի 12-ի գիշերը տեղական լրատվամիջոցներին։
Դրանից մի քանի ժամ առաջ Իրանի խորհրդարանի նախագահ և բանակցային խմբի անդամ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել էր ԱՄՆ-ին, որ Թեհրանի դեմ պատերազմում ընդունվող «իմպուլսիվ» որոշումները կհանգեցնեն «անվերջ ճահճի»։
«Հակառակ դեպքում՝ «դուք կծանոթանաք մեկ այլ Իրանի հետ», - գրել էր նա X սոցիալական ցանցում։
Հունիսի 10-ի երեկոյան ԱՄՆ զինված ուժերը վերսկսել են Իրանի տարածքում գտնվող թիրախների դեմ հարվածները։
«Այս հարվածները պատասխան են Իրանի չարդարացված և շարունակվող ագրեսիային», - նշվել էր CENTCOM-ի X-ի գրառման մեջ։ Դրանից առաջ նոր հարձակումների մասին հայտարարել էր նաև Դոնալդ Թրամփը։ Ավելի ուշ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ևս զգուշացրել էր Թեհրանին նոր հարվածների հնարավորության մասին՝ ընդգծելով, որ դրանց նպատակը լայնածավալ պատերազմի վերսկսումը չէ, այլ համաձայնության հասնելու պայմանների ստեղծումը։
Ի պատասխան՝ Իրանը, լրատվամիջոցների հաղորդմամբ, հարվածներ էր հասցրել Պարսից ծոցի երկրներում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ կիրառելով բալիստիկ հրթիռներ։ ՀՕՊ համակարգերի ակտիվություն և օդային տագնապի ազդանշաններ են արձանագրվել Քուվեյթում և Բահրեյնում։ Բացի այդ, Թեհրանը կրկին հայտարարել է Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին։ Իրանի ռազմական հրամանատարության հայտարարության համաձայն՝ ցանկացած նավ, որը կփորձի անցնել նեղուցով, կհայտնվի հարձակման թիրախում։