
Team Telecom Armenia-ն Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող» մրցանակին։ Մրցանակը շնորհվել է ընկերության ցուցակված բաժնետոմսերով 2025 թվականի ընթացքում իրականացված գործարքների ծավալի հիման վրա։
Պարգևատրումը վկայում է Team-ի նկատմամբ ներդրողների բարձր վստահության, ինչպես նաև Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում ընկերության կարևոր դերակատարության մասին։ Բաժնետոմսերի ակտիվ շրջանառությունը շուկայում արտացոլում է ներդրողների հետաքրքրությունն ընկերության երկարաժամկետ զարգացման ռազմավարության, ֆինանսական կայունության և աճի հեռանկարների նկատմամբ։

«Այս մրցանակն արտացոլում է Team Telecom Armenia-ի նկատմամբ ներդրողների վստահությունը և հաստատում, որ ընկերության կողմից իրականացվող ռազմավարական նախաձեռնություններն ու ներդրումային ծրագրերը դրական արձագանքի են արժանանում կապիտալի շուկայում։ Մենք շարունակելու ենք աշխատել թափանցիկ, հաշվետու և կայուն բիզնես մոդելի զարգացման ուղղությամբ՝ ստեղծելով երկարաժամկետ արժեք մեր բաժնետերերի, հաճախորդների և Հայաստանի տնտեսության համար»,-նշել է Team Telecom Armenia-ի ֆինանսական տնօրեն Կարեն Մնացականյանը:
Team Telecom Armenia-ն շարունակում է հետևողականորեն զարգացնել կորպորատիվ կառավարման և թափանցիկության լավագույն պրակտիկաները՝ ապահովելով բաժնետերերի և ներդրողների համար բաց ու կանխատեսելի գործարար միջավայր։
Team Telecom Armenia-ն տեղաբաշխել էր 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, և մոտ 1000 ներդրող դարձել էր ընկերության բաժնետեր։ Team-ի բաժնետոմսերը շարունակում են լինել ազատ շրջանառության մեջ, և շուկայի մասնակիցները կարող են գնել կամ վաճառել դրանք: