12 հունիսի 2026 - 13:02 AMT
«Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ-ից պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմում։

«Դիմումի մեջ ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկության օրը, ինչպես նաև՝ քվեարկության օրը։ Շեշտադրել ենք այն ռեպրեսիվ գործողությունները, որոնք տեղի են ունեցել, վարչական ռեսուրսի չարաշահումը, ատելության խոսքը»,- ԿԸՀ ներկայացված դիմումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը քննարկելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է անդրադառնալ նաև վերաքվեարկության անցկացման հարցին։

«Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են. եթե անվավեր ճանաչած այդ տեղամասերի արդյունքներն ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա այդտեղ պարտադիր է վերաքվեարկության հանգամանքը»,- ասել է Վարդևանյանը։

Նա նաև նշել է, որ դիմումը քննության է առնվելու հունիսի 14-ին, իսկ մինչ այդ կամփոփվեն վերահաշվարկների արդյունքները։

Վարդևանյանն ասել է, որ տեղի են ունենում գործընթացներ, որոնք, իր գնահատմամբ, անհամատեղելի են ժողովրդավարական հասարակության սկզբունքների հետ, հայտնում է Panorama.am-ը:

«Կատարվում են այնպիսի բաներ, որոնք ժողովրդավարական հասարակությունում չպետք է կատարվեն»,- ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե եթե «Ուժեղ Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, ապա ինչու է նախ դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, նա ներկայացրել է փաստարկները:

«Գիտեք, եթե ԿԸՀ համապատասխան դիմում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ կողմը չի ներկայացնում, դա մի փաստարկ կարող է լինել, որ Սահմանադրական դատարանում պայմանականորեն պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, դա վկայակոչի, քանի որ ի վերջո օրենսդրությունը լիազորել է ԿԸՀ-ին լիազորություն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու։ Ունենք այդ լիազորությունը»,- ասել է նա։

Փաստաբանի խոսքով՝ դիմումը ներկայացվել է, իսկ ԿԸՀ-ն պարտավոր է այն քննարկել ամբողջ ընտրական գործընթացի շրջանակում, քանի որ ընտրական գործընթացը մեկնարկել է 2026 թվականի փետրվարի 7-ից։

Դիմումը ներկայացնելուց հետո Վարդևանյանը նշել է, որ նախկինում ևս ԿԸՀ-ին ներկայացվել են դիմումներ՝ ատելության խոսքի և վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, սակայն, նրա խոսքով, հանձնաժողովը դրսևորել է անգործություն։ Նա հավելել է, որ «Ուժեղ Հայաստանը» դիմել է վարչական դատարան, և արդեն կան դատական ակտեր, որոնցով արձանագրվել են համապատասխան խնդիրները։

«Այսինքն, սա ոչ միայն մեր կողմից գնահատողական դատողություններն են, այլ դատական ակտերով արձանագրված հանգամանքներ են»,- ասել է Վարդևանյանը։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։

Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։