
Երևանում խցանումների խնդիրը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է սահմանափակումներ մտցնել մարդատար մեքենաների համար՝ զուգահեռաբար ընդլայնելով հանրային տրանսպորտի առանձնացված գծերի ցանցը։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքում երթևեկության կառավարման նոր քաղաքականությունը:
Նա այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում, հայտնում է Արմենպրեսը:
«Երևանի խցանումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ՝ երթևեկության կառավարման կենտրոն, որին տրվել է համապատասխան մասնագիտական կազմ»,- նշել է Ավինյանը։
Քաղաքապետը տեղեկացրել է, որ այժմ իրականացվում է փորձնական ծրագիր, որի շրջանակում ուսումնասիրվում և չափվում են մայրաքաղաք մուտք գործող տրանսպորտային միջոցների հոսքերը։
«Այս բոլոր հաշվարկների հիման վրա մեզ այս տարվա ընթացքում կտրվի փոփոխությունների ծրագիր, թե ինչ պետք է տեղի ունենա»,- ասել է նա։
Ավինյանի գնահատմամբ՝ մայրաքաղաքում խցանումների հիմնական պատճառը վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճն է, որի հետևանքով զգալիորեն ավելացել է մարդատար մեքենաների քանակը։
«Առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է, և այս տնտեսական աճը բերել է մարդատար ավտոմեքենաների քանակի ահռելի աճի»,- նշել է քաղաքապետը։
Նրա համոզմամբ՝ նույնիսկ հանրային տրանսպորտի շարունակական բարելավումը բավարար չի լինի խնդրի լուծման համար, եթե մասնավոր մեքենաների օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չկիրառվեն։
«Հանրային տրանսպորտը իր ժամանակացույցով չի կարող աշխատել, եթե մենք չունենք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար»,- ընդգծել է Ավինյանը։
Քաղաքապետը հայտնել է, որ Երևանում նախատեսվել է կիրառել եվրոպական մի շարք քաղաքներում արդեն փորձարկված և արդյունավետ համարվող լուծումները։
«Մարդատար ավտոմեքենաների համար վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ, և դրանք փոխարինվեն հանրային տրանսպորտի առանձնացված ուղեգծերով»,- ասել է նա։
Ավինյանի խոսքով՝ ընթացիկ ուսումնասիրությունների արդյունքում կսահմանվեն ավտոկայանատեղիների տեղադրման վայրերը, տրանսպորտային հոսքերի կառավարման մեխանիզմները, ինչպես նաև այն սահմանափակումները, որոնք կգործեն մասնավոր ավտոմեքենաների համար։
Նա նաև տեղեկացրել է, որ նախնական արդյունքները սպասվում են 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ ծրագրի գործնական փուլը նախատեսվել է մեկնարկել 2027 թվականից։
Անդրադառնալով մայրաքաղաքում օդի որակի վիճակին, հայտարարել է, որ իրականացվել են լայնածավալ և խորքային ուսումնասիրություններ, և այս պահի դրությամբ Երևանում օդի որակը լավն է, հայտնում է Radar Armenia-ն:
«Այս նույն պատկերն էր գարնանը՝ ավելի լավն էր նույնիսկ»,- ասել է նա։
Ավինյանի խոսքով՝ օդի որակի հետ կապված խնդիրները հիմնականում սկսվում են նոյեմբերից, երբ կլիմայական պայմանների ազդեցությամբ մթնոլորտային շերտը 200 մետրից իջնում է մինչև 80 մետր, ինչի հետևանքով աղտոտիչ նյութերը կուտակվում և խտանում են այդ սահմանափակ շերտում։
«Այս բնակլիմայական երևույթի վրա մենք որևէ ազդեցություն չունենք։ Սակայն ունենք միջոցներ՝ մեղմելու վիճակը»,- ասել է քաղաքապետը։