12 հունիսի 2026 - 13:12 AMT
ԿԸՀ-ն հորդորել է սպասել ընտրությունների հունիսի 14-ի վերջնական արդյունքներին

ԿԸՀ-ն հորդորել է սպասել ընտրությունների հունիսի 14-ի վերջնական արդյունքներին` նշելով, թե ինչ որոշումներ են կայացվելու այդ օրը:

Նշվում է, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի համաձայն՝ ԿԸՀ-ն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում՝ հունիսի 14-ին, ամփոփելու է Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները և ընդունելու հետևյալ որոշումներից մեկը։

  1. Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին։
  2. Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին։
  3. Առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին։
  4. Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին։
  5. Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին։ Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն։

«Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։ Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման (ինչպես նաև այն սուբյեկտների, ովքեր ԿԸՀ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն)։ Նիստից անմիջապես հետո ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսով հանդես կգա»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։

Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։