
Հունիսի 10-11-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Երոյանը ներկայացրել է ՀՀ բանակի վերափոխման գործընթացի շրջանակում ռազմական կրթության և զորավարժությունների ոլորտներում իրականացվող բարեփոխումները։
Զեկույցներով հանդես են եկել նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը և ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության հետ ռազմական կրթության ոլորտում ՀՀ ՊՆ համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը։
Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններում իրականացվող փոփոխությունները և կարևորել հետագա համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ ԵՄ ռազմական «Էրազմուս» (EMILYO) ծրագրի շրջանակում։
Նիստի ընթացքում հավանության է արժանացել ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ քոլեջին ասոցացված գործընկերոջ կարգավիճակով անդամակցելու առաջարկը։ Այդ նախաձեռնությունը փոխանցվել է քոլեջի ղեկավար կոմիտեին՝ վերջնական հաստատման նպատակով։
Բրյուսել կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացիկ ծրագրերն ու հետագա զարգացման հեռանկարները։