12 հունիսի 2026 - 13:28 AMT
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։

Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունն իրենց երկրի ապագայի հանդեպ, ինչպես նաև պետության զարգացման ուղու անկախ ընտրությանն ուղղված բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը։

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ամբողջ շրջանակի օգտագործմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում»,-ասվում է ուղերձում:

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահից շնորհավորական ուղերձ դեռևս չի ստացել։