
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հունիս–հուլիս ամիսներին նախնական նախատեսում է մեկ–երկու այց կատարել Ռուսաստան` մասնակցելու տարբեր միջոցառումների։
Նախարարի խոսքով՝ այդ այցերի ընթացքում նախատեսվել են հանդիպումներ երկու տարբեր գործընկերների հետ, որոնց շրջանակում քննարկվելու են հայկական ծագման ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հայտնում է Sputnik Արմենիան:
«Կարծում եմ` այս հարցերը կլուծվեն, ու սրանք այն հարցերը չեն, որ կարող են լարվածություն ստեղծել»,– վստահեցրել է նախարարը։
Հունիսի 11-ին հայտնի է դարձել, որ «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից սահմանափակել է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ մյուս երկրներ։ Սահմանափակումը գործելու է մինչև այն պահը, երբ մշակվի առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ մեխանիզմ։
Մայիսի 22-ից, «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը Ռուսաստան։ Մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ։ Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը, իսկ հուլիսի 3-ից սահմանափակումներ են նախատեսվել խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրման համար։