
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Աշտարակի Օրգով գյուղի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտի դեպքին, որը դպրոցական էքսկուրսիայից հետո տեղափոխվել է հիվանդանոց և որի օրգանիզմում հայտնաբերվել են թմրամիջոցի հետքեր:
«Այս պահի դրությամբ երեխայի վիճակը, ըստ մեր տեղեկությունների, արդեն իսկ փոփոխության է ենթարկվել: Որոշակի շփումներ եղել են, նա որոշակի տվյալներ է հաղորդել»,- նշել է ՆԳ նախարարը, հայտնում է 1lurer.am-ը:
Նա հավելել է, որ դեպքը մտահոգիչ է:
«Առաջին անգամ է կարծես թե նմանատիպ իրավիճակ, երբ ունենք այսպիսի դեպք: Ամբողջ իրավապահ համակարգն այս պահի դրությամբ պատշաճ կերպով դիտարկում է դեպքը»,- ասել է նա։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ դեպքի վերաբերյալ հաղորդումը փոխանցվել է քննչական մարմնին, իսկ ոստիկանությունն իրականացնում է ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
«Ունենք հաղորդում, որը փոխանցել ենք քննչական մարմին, ոստիկանությունը օպերատիվ-հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում: Սկզբից ունեինք նույնականացված անձ, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որ վստահ լինեինք, որ տվյալ անձի կողմից է կատարվել: Ուզում եմ նշել՝ փորձաքննության արդյունքում թմրամիջոցի հետք է նախնական տվյալներով հայտնաբերվել: Այս պահի դրությամբ աշխատում ենք, որ տեսնենք՝ ամբողջ պատկերն ինչպիսին է, և արագ գնանք առաջ: Վստահ եղեք, որ հարցը իմ հսկողության ներքո է գտնվում, և ցանկացած ճշգրիտ ինֆորմացիա ունենալու դեպքում կհանրայնացնենք»,- նշել է նախարարը։
Նա տեղեկացրել է, որ քննության ընթացքում ուսումնասիրվել են տարբեր վարկածներ, այդ թվում՝ էքսկուրսիայի և շրջակա միջավայրի հետ կապված հանգամանքները, սակայն այս փուլում վաղ է եզրակացություններ անել։
«Տարբեր հանգամանքներ ենք քննարկել, քանի որ էքսկուրսիա էին գնացել տվյալ դասարանով, ուսուցիչները ևս ուղեկցել էին, տարբեր վարկածներ կային՝ կապված միջավայրի հետ, բայց այս պահին թույլ տվեք ձեռնպահ մնալ որևէ բան հայտարարելուց, որովհետև ի սկզբանե վարկածներ կային, որոնք հերքվեցին. շարունակենք աշխատանքը, անպայմանորեն կհանրայնացնենք»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ դպրոցում նմանատիպ այլ դեպքեր չեն արձանագրվել, սակայն ուշադրության կենտրոնում են պահվել ինչպես ամբողջ դասարանը, այնպես էլ դպրոցը՝ իրավիճակի իրական պատկերը հասկանալու նպատակով։
«Այս դեպքը իրավապահ համակարգի ամբողջ ուշադրության կենտրում է, և վստահ եմ, որ կարճ ժամանակ անց ամբողջ պատկերով հանդես կգանք հայտարարությամբ»,- նշել է ՆԳ նախարարը։
Օրգովի Ա. Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանը հայտնել է, որ մայիսի 29-ին կազմակերպված էքսկուրսիան բացառապես ճանաչողական բնույթ է ունեցել և անցկացվել է բարեգործական տնկարանում, որտեղ երեխաները ծանոթացել են բույսերի տարբեր տեսակների, հայտնում է Aysor.am-ը:
«Էքսկուրսիան ավարտվել է և երեխաները բնակավայրում են եղել 17։20 րոպեին, 17։30 կամ ավելի շուտ երեխան ծնողների հետ եղել է իրենց բնակարանում։ 21։50-ին, մոտավորապես 4 ժամ հետո, ծնողը զանգահարել է դասղեկին և ասել, որ երեխան իրեն վատ է զգում։ Մենք այդքանը գիտենք»,-ասել է նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք երեխան է հայտնել, որ իրեն կոնֆետ են տվել, թե նման եզրակացության են եկել բժիշկները՝ Չաթոյանը նշել է, որ դպրոցը նման տեղեկություններ ունի միայն շրջանառվող խոսակցություններից և լրատվամիջոցներից։
«Մենք այդ նորությունը գիտենք խոսակցությունների մակարդակով և լրատվամիջոցներից։ Այս պահի դրությամբ որևիցե մեկը, բացի իրավական համակարգից, հստակ չի կարող ասել, թե ինչ է եղել։ Ես խնդրել եմ, որ որքան հնարավոր է՝ գործի բացահայտումը տեղի ունենա արագ։ Մենք զերծ ենք մնում խոսակցություններից, երկխոսությունների մեջ մտնելուց։ Մենք առաջարկել ենք մեր օգնությունը, աջակցությունն ընտանիքին, ինչպես նաև բաց ենք համագործակցության համար իրավապահ համակարգի հետ»,-ասել է նա:
Դպրոցի տնօրենը նաև հայտնել է, որ իրեն հայտնի է՝ երեխաների հետ հարցաքննություններ իրականացվել են, սակայն հավելյալ տեղեկատվության չի տիրապետում։
«Գիտեմ, որ երեխաներին հարցաքննել են, բայց այլ տեղեկատվություն չունեմ»,-հավելել է նա:
Չաթոյանի խոսքով՝ երեխան արդեն երրորդ օրն է՝ տանն է և, իր ունեցած տեղեկություններով, իրեն լավ է զգում։
«Էլի, ըստ խոսակցությունների, նա իրեն լավ է զգում և դա մեր ամենաառաջնային գերխնդիրն է։ Ուզում եմ փաստել, որ երեխան միայն ծնողինը չէ։ Շատերը շահարկում են դպրոցի անունը, էքսկուրսիայի փաստը, երեխան նաև մերն է։ Հետևաբար, շահագրգռված ենք, որ գործն արագ բացահայտվի, հասկանանք, թե որն է խնդիրը, և երբ կարիք լինի, կարողանանք կանխարգելիչ աշխատանքներ կատարել։ Թե չէ շատ ցավալի է, որ թիրախավորում են դպրոցը, ուսուցիչներին։ Այդ մարդիկ կյանք են դրել կրթական համակարգի մեջ, բայց, այս ամենով հանդերձ, եթե պարզվի, որ որևէ մեկը մեղավոր է, բնականաբար, պետք է պատասխանատվության ենթարկվի»,-ասել է նա:
Դպրոցական էքսկուրսիայից հետո 12-ամյա աշակերտը հայտնվել է հիվանդանոցում, իսկ նրա օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոցի հետք։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նյութը երեխային կարող էր փոխանցված լինել քաղցրավենիքի միջոցով։