
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնել է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու գործընթացը։ Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Հունիսի 11-ի ուշ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այդ որոշման հետևանքով ԲՀԿ-ն ընդհանուր հաշվարկով կորցրել է 213 ձայն, ինչն ավելի է նվազեցրել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունները։
Օրբելյանի խոսքով՝ գործընթացն արդեն մեկնարկել է։ Նա նշել է, որ Սահմանադրական դատարան դիմելու համար երկու հիմնական հիմք են տեսնում, հայտնում է Sputnik Արմենիան:
«ՍԴ-ն ունի երկու կարևոր տարր․ մեկը՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, գնալ ավելի արդար ընտրությունների, բայց երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ պետք է խնդիրները բարձրաձայնել, հստակեցնել, ֆիքսել, որ հետագայում առնվազն հնարավոր լինի խուսափել նման խնդիրներից և հստակ լինի՝ ինչ է տեղի ունեցել։ Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե նման ընթացակարգով ընտրություն կազմակերպելը խնդիր չի առաջացնում, իրավաչափ է, նորմալ է, համապատասխան և մեր Սահմանադրությամբ սահմանված ստանդարտներին»,- նշել է Օրբելյանը։
Նրա ներկայացմամբ՝ Սահմանադրական դատարանը կարող է կայացնել մի քանի տեսակի որոշում՝
Փաստաբանի գնահատմամբ՝ գործնականում քիչ հավանական է, որ Սահմանադրական դատարանը եզրակացնի, թե խախտումներ ընդհանրապես չեն եղել։ Ըստ նրա՝ առավել կարևոր հարցն այն է, թե դատարանն ինչ գնահատական կտա արձանագրված խախտումներին և կհամարի՞, որ դրանք ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, թե ոչ։
Օրբելյանը նաև տեղեկացրել է, որ այս գործընթացին զուգահեռ ԲՀԿ-ի փաստաբանական խումբը սկսել է բողոքարկել ԿԸՀ-ի այն երկու որոշումները, որոնցով անվավեր են ճանաչվել նշված ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։
«Երբ ԿԸՀ-ն ամփոփի ընտրության արդյունքները, ամփոփման որոշմամբ պետք է անդրադարձ կատարի վերաքվեարկության հարցին, վերաքվեարկության մասին որոշում լինել, չլինելը, բողոքարկման նոր արգումենտ է, իսկ եթե լինի, կլինի քվեարկություն, որի արդյունքները կգնահատվեն»,- ասել է Օրբելյանը։
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։