
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը արձագանքել է «Հրապարակ» օրաթերթում հրապարակված «Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին» վերտառությամբ հոդվածին՝ հայտարարելով, որ այնտեղ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Նշվում է, որ հրապարակման մեջ տեղ գտած պնդումները հերյուրանք են և փաստական հիմքեր չունեն։
Հաղորդագրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց կողմից ընտրությունների հետ կապված հրապարակային վիրավորանքներ կամ հայհոյանքներ չեն հնչել, ինչպես նաև որևէ ազատազրկված անձ քրեակատարողական ծառայողների կողմից բռնության չի ենթարկվել։
«Հրապարակման մեջ ներկայացված պնդումները հիմնված չեն փաստերի վրա և չեն հաստատվում որևէ օբյեկտիվ տվյալով։ Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, իսկ ցանկացած միջադեպ ենթակա է պատշաճ արձանագրման և իրավական գնահատման։
Ուստի «Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք անհապաղ հերքել ստահոդ լուրերը, ձեռնպահ մնալ զրպարտանքի և չստուգված տեղեկությունների տարածումից՝ առաջնորդվելով մասնագիտական էթիկայիևտեղեկատվության հավաստիության սկզբունքներով»,-ասվում է հաղորդագրության մեջ: