
«Ուժեղ Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի, եթե գնահատի, որ այդ տարբերակով հնարավոր կլինի ավելի արագ հասնել իշխանափոխության։ Այդ մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կգնանք այդ ճանապարհով»,- ասել է Սամվել Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա պնդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել ընտրություններում։
Կարապետյանը նաև նշել է, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահ է իր հաղթանակի հարցում, ապա ընտրությունների արդյունքների լեգիտիմությունն ամրապնդելու համար պետք է համաձայնի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու առաջարկին։
«Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որ երկիրը զարգանա»,- հայտարարել է նա։
Դաշինքի առաջնորդի գնահատմամբ՝ երկրորդ փուլն ավելի պարզ և հստակ պատկեր կստեղծի, քանի որ, նրա խոսքով, ձայների բաշխման վրա ազդող փոքր քաղաքական ուժերը չեն մասնակցի գործընթացին։
Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։
«Դիմելու ենք 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ վերջնական որոշողը ժողովուրդն է, և եթե քաղաքացիները համակերպվեն ընտրությունների արդյունքների հետ, ապա իր քաղաքական ուժը կընդունի այդ իրողությունը։ Միաժամանակ նա նշել է, որ հասարակությունը դեռևս մտածում է հետագա քայլերի շուրջ, քանի որ նման որոշումների համար ժամանակ է անհրաժեշտ։
«Այս ընտրություններում հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները, պարտվել է հայ ժողովուրդը։ Բոլորն են հաղթել, բացի մեր ժողովրդից»,- հայտարարել է նա։
Նրա գնահատմամբ՝ ընտրական գործընթացը ուղեկցվել է խախտումներով, ճնշումներով և ահաբեկման մթնոլորտով, ինչի հետևանքով ընտրությունները չի համարել լիարժեք և ազատ անցկացված, հայտնում է Panorama.am-ը:
«Տեռորի տակ ընտրություններ չեն անցկացվում, մեր շրջանային բոլոր համակարգողները կալանավորված են։ 780 մարդ ձերբակալվել է»,- ասել է նա։
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։
Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։