12 հունիսի 2026 - 16:46 AMT
Անվավեր են ճանաչվել ևս մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

Անվավեր են ճանաչվել 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Որոշման հիմքում այն հանգամանքն է եղել, որ քվեարկության օրը տվյալ տեղամասում բացակայել է թիվ 8 քվեաթերթիկը, հայտնում է Factor.am-ը:

ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ 12/13 ընտրատեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 809-ը, որոշմամբ արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։

Ըստ ընդունված որոշման՝ ընտրական տեղամասի արձանագրության մնացած բոլոր ցուցանիշները, բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվել են զրո։

Ընտրատեղամասի հետ կապված նյութերը փոխանցվել են դատախազություն՝ հետագա ընթացք տալու նպատակով։

Սա այն ընտրատեղամասն է, որտեղ բացակայել էին «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության քվեաթերթիկները։ Ընտրությունների օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ դրանց բացակայությունը պայմանավորված է եղել տեխնիկական խնդրով։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։

Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։