
«Ուժեղ Հայաստանն» արդեն դիմել է ԿԸՀ, հետո դիմելու է Սահմանադրական դատարան երկու պահանջով․ առաջինը՝ չեղարկել ընտրությունները, երկրորդը՝ նշանակել երկրորդ փուլ, հայտարարել է այդ ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Եթե ինքը վստահ է, որ հաղթել է, ավելի ճիշտ կլինի երկրորդ փուլով որոշենք՝ հաղթե՞լ է, թե չէ»,-ասել է Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը:
«Մենք առաջին օրը վա-բանկ գնալու հնարավարություն ունեինք, բայց չգնացինք, ուզում էինք, որ ամեն ինչ լինի օրինական ճանապարհով»,- ասել է Կարապետյանը, գրում է Panorama.am-ը:
Թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, նա չի մանրամասնել՝ նշելով, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է։
Կարապետյանը նաև պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել ընտրություններում և այդ հանգամանքը, իր խոսքով, գիտակցում են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը։
«Ընտրություններում Փաշինյանը չի հաղթել, իրենք էլ դա գիտեն, մենք էլ դա գիտենք, երևի ամբողջ աշխարհն էլ դա տեսնում է։ Դրանից ելնելով կարվեն քայլեր։ Եթե նա վստահ է, որ հաղթել է, ուրեմն մենք առաջարկում ենք լեգիտիմացնել այս ամենը, գնանք ճիշտ ճանապարհով։ Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որպեսզի երկիրը զարգացնենք»,- ասել է նա։
Այն հարցին, թե ինչո՞ւ ընտրությունների արդյունքների դեմ փողոցային պայքար չկա՝ Կարապետյանը պատասխանել է. «Հանրությունը սկզբում հաշտ է լինում, հետո հաշտ չի լինում»։
Նա հավելել է, որ հարցը խորհրդարան մտնելը չէ, այլ՝ Փաշինյանին հեռացնելը. «Երկիրը դարձրել է «դուքան»:
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։
Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։