
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով իր հասցեին հնչող քննադատությունները, ասել է, որ իր խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3-րդ ժամկետի մասին վերաբերում էր բացառապես սահմանադրական կարգավորումներին և բխել է հենց այդ տրամաբանությունից:
«Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Ավելի վաղ Սարգսյանն ասել էր, որ չի կարծում, «թե Փաշինյանը 3-րդ ժամկետ է ընտրվում, քանի որ նախորդ ընտրությունները եղել են արտահերթ»:
Նա ընդգծել է, որ իր հայտարարությունը սխալ մեկնաբանելու փորձերը կամ պայմանավորված են համատեքստը չհասկանալով, կամ դիտավորյալ մանիպուլացիաներով։
«Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են, որովհետև միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել Հայաստանը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա, և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ի՞նչ է ստացվում, որ այսքանով հանդերձ նա մեղավոր է 3-րդ ժամկետի գնալու համա՞ր: Ակնհայտ է, որ նրանց մոտ, իհարկե, չի ստացվելու, ձախողվելու է։ Իմ ասածը շատ պարզ էր»,-ասել է Սարգսյանը: