
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այդ մասին նա ասել է ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո, հայտնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Մանուկյանի բնակարանում, որից հետո նրան հրավիրել են հարցաքննության Քննչական կոմիտե։
«Գիշերային ձայնագողությունից հետո բնական էր, որ այսպիսի շոու պետք է բեմադրվեր թեման շեղելու համար։ Իրենց բաղձալի ձայները չեն ստացել ու ամեն ինչ անում են ԲՀԿ–ին ընտրապայքարից ապօրինի կերպով դուրս մղելու և ԱԺ մտնելու իրավունքից զրկելու համար։ Մեր բնակարանում իրականացված խուզարկությունն անօրինական էր, որովհետև ես ԲՀԿ–ի պատգամավորի թեկնածու եմ, հետևաբար ԿԸՀ–ն պետք է թույլտվություն տար դրա համար»,– ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ իրավապահները առգրավել են իր բջջային հեռախոսը, իսկ ինքը ստորագրել է նախաքննական գաղտնիք չհրապարակելու պարտավորագիր։
Մանուկյանը միայն ասել է, որ հանրությանը հայտնի գործի շրջանակում է իրականացվում։ Նա իր շուրջը ծավալված իրադարձությունները քաղաքական հետապնդում որակեց։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արեգնազ Մանուկյանի անունը կապվում է Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ քննվող գործի հետ։ Ըստ այդ հրապարակումների՝ նրան վերագրվում է 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ նիստից տեղեկությունների փոխանցումը Անդրանիկ Թևանյանին։