
Վարույթներ կան, որոնցով անցնում են ՌԴ-ից եկած քաղաքացիներ, հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
«Վարույթներ կան, որոնցով անցնում են, այո՛, նաև Ռուսաստանի Դաշնությունից եկած մեր հայրենակիցները, ընդ որում՝ ունենք ձերբակալումներ նրանց շրջանում»,- նշել է նախարարը, հայտնում է Factor.am-ը:
Սարգսյանը շեշտել է, որ բոլոր գործողություններն իրականացվում են բացառապես օրենքով սահմանված ընթացակարգերի և իրավաչափ վարույթների շրջանակում։
Նրա խոսքով՝ ձերբակալություններ են կատարվել այն դեպքերում, երբ արձանագրվել են ընտրողների ազատ կամարտահայտության վրա ապօրինի ազդեցության կամ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու դեպքեր, մասնավորապես՝ անձանց հավաքագրման հետ կապված դրվագներով։
ՆԳ նախարարի փոխանցմամբ՝ ձերբակալված անձինք հանձնվել են նախաքննական մարմիններին՝ հետագա դատավարական գործողությունների իրականացման համար։
Արփինե Սարգսյանը հրաժարվել է հրապարակել կոնկրետ թվեր՝ նշելով, որ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Նա նաև չի բացառել, որ հետագա փուլերում հնարավոր են նոր ձերբակալություններ կամ ավելի խիստ խափանման միջոցների կիրառում։