12 հունիսի 2026 - 18:07 AMT
Ազատի հրդեհի գործով կապիտան Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով։ Նման որոշում է կայացրել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը։

Եղիշե Հակոբյանը համարվում է գործով առանցքային մեղադրյալներից մեկը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ հենց նա է փորձել բենզինի միջոցով ուժեղացնել կացարանի վառարանի այրումը, ինչի հետևանքով բռնկված հրդեհի արդյունքում զոհվել են զինծառայողներ, հայտնում է Sputnik Արմենիան:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ինչպես նաև առավել վտանգավոր նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ։

Առանձին քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու և այդ գործառույթների կատարման ընթացքում ենթադրյալ անփութություն դրսևորելու փաստերով։

2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Դեպքի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, իսկ ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ողբերգությունից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։