
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդի Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, քանի որ նա Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում, հայտնում է Արմենպրեսը:
Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին Դատարանի անհիմն որոշումը, բնականաբար, կբողոքարկվի վերաքննիչ դատարանում: Այդ մասին հայտարարել է Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը:
Նշվում է, որ Արտյոմ Խաչատրյանը մայիսի 30-ից գտնվում է արտերկրում, որտեղ իրականացված բժշկական հետազոտության արդյունքներով նրան բժշկական ցուցում է տրվել մինչև հունիսի 19-ը չլքել բուժհաստատությունը և անցնել հիմնավոր բուժում, որոնց մասին փաստաթղթերը առկա են և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին, սակայն այս հիմնավոր փաստաթղթերը նույնպես նախաքննական մարմնի համար հիմք չեն հանդիսացել և ապօրինաբար միջնորդություն է ներկայացվել դատարան Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ նույնպես կիրառել կալանքը, որպես խափանման միջոց։ Գործի քննությունը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին, ում վերաբերյալ, 11․06․2026 Կառավարության նիստից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արամ Գրիգորյանը մեկ այլ հանրային հնչեղություն ունեցող գործով կայացրել է արդարացման դատավճիռ և համոզմունք է հայտնել, որ այդ դատավճիռը կայացվել է կաշառքի դիմաց։
«Դատարանն անհիմն կերպով բավարարել է Արտյոմ Խաչատրյանի կալանավորման միջնորդությունը։ Եվ դա այն դեպքում, որ նրան վերագրված դեպքի կապակցությամբ նախաքննությունն իրականացվել է դեռևս 2019-2020 թվականներից և դեռևս այն ժամանակ այս առումով որևէ հանցագործության դեպք չէր հայտնաբերվել, իսկ ընտրություններից մի քանի օրս առաջ այդ նույն դեպքը հանկարծ անօրինական կերպով վերածվեց հանցագործության միայն այն պատճառով, որպեսզի վերը նշված անձինք կալանավորվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստաբանական խումբը կոչ է արել արդարադատություն իրականացնող մարմիններին «գործել բացառապես օրենքի շրջանակում և չտրվել քաղաքական իշխանության այսպես կոչված սադրանքներին»։
Ավելի քան 200 միլիոն դրամ գնահատված գույքի առնչությամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման վերաբերյալ գործով հունիսի 5-ին ձերբակալման որոշում է կայացվել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդի Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի և նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, ինչպես նաև «Երևան մոլ» առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։
Արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերված եղել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով, առանձնապես խոշոր չափերի 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս կազմող հողամասը, որոնք ոչ ուսումնական նպատակներով օգտագործվելու համար փոխանցվել են բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ։