13 հունիսի 2026 - 10:44 AMT
Կոպիրկին․ ՌԴ-ն պատրաստ է կառուցողական եղանակով վերաիմաստավորել ՀՀ հետ հարաբերությունները

Նոր իրողությունների պայմաններում Մոսկվան պատրաստ է կառուցողական եղանակով վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան:

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի պատմությունը հարուստ է հերոսական էջերով, նշանակալի հաղթանակներով և աշխատանքային ձեռքբերումներով։ Նրա խոսքով՝ դարերի ընթացքում ձևավորվել է ռուս ժողովրդի առանձնահատուկ ինքնագիտակցությունը, որի հիմքում ընկած են հայրենիքի նկատմամբ նվիրումն ու սերը, պատմության, ազգային ավանդույթների, հոգևոր և կրոնական արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունքը, ինչպես նաև ողորմածության և արդարության գաղափարները։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կրկին հայտնվել է բարդ փորձությունների փուլում, սակայն երբևէ ոչ ոքի չի հաջողվել կոտրել երկրի կամքը կամ ստիպել հրաժարվել անկախությունից։

«Հիմա էլ չի ստացվի։ Նրանց, ովքեր չեն կարողանում հաշտվել մեր երկրի ինքնիշխան և ինքնաբավ դիրքորոշման հետ, չեն օգնի ո՛չ քաղաքական խարդավանքները, ո՛չ պատժամիջոցները, ո՛չ ստոր ահաբեկչական հարձակումները, ո՛չ տեղեկատվական դիվերսիաները։ Ինչպես դա բազմիցս եղել է մեր պատմության մեջ, մենք կդիմակայենք և ավելի կուժեղանանք», - նշել է Կոպիրկինը։

Կոպիրկինի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական ցնցումներին զուգահեռ Ռուսաստանը շարունակել է մնալ համաշխարհային գործընթացների կարևոր և պատասխանատու դերակատարներից մեկը։ Նրա խոսքով՝ երկիրն ակտիվորեն նպաստել է ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը, որը հիմնված է պետությունների իրավահավասարության, միջազգային իրավունքի պահպանման և տարբեր քաղաքակրթությունների արժեքների նկատմամբ հարգանքի վրա։

Դեսպանը նշել է, որ Մոսկվայում համոզված են՝ համաշխարհային կայունությունը հնարավոր է ապահովել միայն փոխադարձ հարգանքի, բոլոր կողմերի շահերի հաշվառման, ինչպես նաև թելադրանքից և արտաքին գաղափարախոսությունների պարտադրումից հրաժարվելու միջոցով։

«Համապատասխան գաղափարները առաջ են մղվում նոր տիպի այնպիսի միավորումների շրջանակներում, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Առանձին պետությունների փորձերը՝ փրկել անդառնալի հեռացող աշխարհաքաղաքական հեգեմոնիան և կողոպուտի, այլ երկրների և ժողովուրդների շահագործման միջոցով բարեկեցությունը երկարաձգել, հանգեցնում են աճող գլոբալ անկայունության։ Հակամարտության մեջ է Մերձավոր Արևելքը, լարվածությունն աճում է Լատինական Ամերիկայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան և այլ տարածաշրջաններում»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգիռ գործընկերների հետ առաջ է մղել 21-րդ դարի բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիայի մշակման նախաձեռնությունը։ Կոպիրկինը նաև շեշտել է, որ աշխարհաքաղաքական զարգացումները անմիջական ազդեցություն են ունեցել Հարավային Կովկասի վրա, և Ռուսաստանը վճռական է մասնակցել տարածաշրջանի երկրների կայունության, տնտեսական առաջընթացի և տրանսպորտային կապերի զարգացման ապահովմանը։

Նա վստահություն է հայտնել, որ այս հարցերում Ռուսաստանի և Հայաստանի շահերը լիովին համընկնում են։

Դեսպանի խոսքով՝ ռուս-հայկական միջպետական համագործակցությունը ներկայում հիմնվել է բարձր և բարձրագույն մակարդակների քաղաքական երկխոսության, միջկառավարական, միջխորհրդարանական ու միջգերատեսչական ձևաչափերի, միջտարածաշրջանային կապերի և ամուր պայմանագրային հիմքի վրա։

«Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր հարաբերությունները մոտեցել են փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողությունները վերաիմաստավորելու և ադապտացման փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է համատեղ աշխատանք տանել կառուցողական փոխշահավետ ճանապարհով՝ առկա երկկողմ մեխանիզմների հիման վրա», – ասել է դիվանագետը։

Նա հավելել է, որ ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայաստանի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը։ Միաժամանակ Մոսկվայում ակնկալում են, որ Երևանի համագործակցությունը այլ գործընկերների հետ չի վնասի հայ-ռուսական հարաբերություններին և չի ուղղվի Ռուսաստանի դեմ։

Կոպիրկինը երկու ժողովուրդների միջև ձևավորված բազմաշերտ կապերը, անձնական շփումները, համատեղ հաղթանակներն ու նշանակալի ձեռքբերումները գնահատել է որպես անգնահատելի ժառանգություն։ Նա հատկապես առանձնացրել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ տարած հաղթանակը և ընդգծել, որ Ռուսաստանում բնակվում է մեծ հայկական համայնք։ Դեսպանի խոսքով՝ երկու ժողովուրդներին միավորող կարևոր գործոններից են պատմության նկատմամբ հարգանքը և հոգևոր, կրոնական ու ընտանեկան արժեքների պահպանումը։

Նա նաև տեղեկացրել է, որ մարդասիրական համագործակցության ընդլայնման նպատակով մինչև տարեվերջ նախատեսվում է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի հոգևոր մշակույթի օրեր, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր։

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր արտաքին առևտրային գործընկերներից մեկը, այդ թվում՝ դրամական փոխանցումների և զբոսաշրջային հոսքերի ցուցանիշներով։ Ռուսական կապիտալով գործող ընկերությունները շարունակում են գտնվել խոշոր հարկատուների շարքում և զգալի դեր են ունեցել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։

«Այդ արդյունքները մեծ չափով ապահովվում են Եվրասիական տնտեսական ներուժի մեր համատեղ բացահայտմամբ։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս աշխատել մեր հայ գործընկերների հետ այդ ուղղությամբ», – հայտարարել է Կոպիրկինը։

ՌԴ-ն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին և այդ ուժը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում հաղթանակի առթիվ: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովն ասել է, որ սպասում են ընտրությունների վերջնական արդյունքներին: