
Փաստաբան Ռոման Երիցյանը, անդրադառնալով «Արցախֆրուտի» շուրջ խոսակցություններին, հայտարարել է, որ Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն այդ ժամանակ չէր պաշտոնավարում, ուստի գումարի ճակատագրի մասին տեղեկացված չէր:
Արցախի տեղեկատվական շտաբը ավելի վաղ հայտնել էր, որ հաշվի առնելով հանրային հարթակներում տարածում ստացած «Արցախֆրուտ» ՓԲԸ հաշվից 36 մլն դրամի կանխիկացման և օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը, ԱՀ նախագահի պաշտոնակատարի կողմից առանձին և մանրամասն հաշվետվություն կներկայացվի դրա վերաբերյալ:
«Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ իրազեկում եմ, որ «Արցախֆրուտ» ՓԲ ընկերության բանկային հաշիվների արգելանքները վերացնելու դատական գործով զբաղվել եմ ես և մեր փաստաբանական գրասենյակը․․․Թե ինչպես է օգտագործվել գումարը, տեղյակ չեմ, կարծում եմ՝ նպատակային։ Մեր կողմից ընդամենը մատուցվել է փաստաբանական ծառայություն՝ «Արցախֆրուտ» ՓԲ ընկերության տնօրենի խնդրանքով, որի հետ նախագահ Շահրամանյանը որևէ առնչություն չի ունեցել։ Ավելին՝ Սամվել Շահրամանյանն այդ ընթացքում չէր պաշտոնավարում, ուստի գումարի ճակատագրի մասին անգամ տեղեկացված չէր»,-գրել է նա:
Երիցյանը նշել է, որ դատարանը ընկերության գումարների արգելափակումը համարել է ոչ իրավաչափ և հայցը բավարարել է։
«Գործով վերջնական հաղթանակն արձանագրել ենք 2026 թվականի մայիսին, երբ Վճռաբեկ դատարանը մերժել է «Արարատբանկ» ՓԲ ընկերության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։ Ըստ այդմ՝ տարածված այն տեղեկությունը, իբր գումարը կանխիկացվել է Աշոտ Դանիելյանի պաշտոնավարման 10-րդ օրը, իրականությանը չի համապատասխանում։ Գործի դրական ելքից հետո գումարի կանխիկացման և օգտագործման մասին որևէ տեղեկություն անձամբ ես չունեմ։ Կարող եմ միայն հայտարարել, որ անկանխիկ գործառույթներ իրականացնելու հնարավորություն բանկը «Արցախֆրուտ» ՓԲ ընկերությանը չէր տալիս, ուստի կանխիկացումն այլընտրանք չուներ։
Հայտարարում եմ նաև, որ «Արցախֆրուտ» ՓԲ ընկերությունը բազմաթիվ արցախցիների նկատմամբ ուներ աշխատավարձերի, դրանց հավասարեցված վճարումների և տարբեր գործարքներից բխող պարտավորություններ, ուստի փաստաբանական ծառայության մատուցումս նպատակ էր հետապնդում նաև աջակցել արցախցիներին»,-գրել է Երիցյանը:
Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մեղադրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կոռուպցիոն գործարքների մեջ և հայտարարել, որ վերջինիս եղբորը առանց մրցույթի տրամադրվել է 5 մլրդ դրամի շինարարության տենդեր: