
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ հետ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը մոտ է ստորագրման և նախատեսում է Հորմուզի նեղուցի բացումը: Ըստ նրա՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավելի ուշ կսկսվեն, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ պաշտոնյաները հաստատել են համաձայնագրի որոշ մանրամասներ՝ նշելով, որ ստորագրումից հետո դրա տնտեսական շահավետությունն Իրանի համար կախված կլինի Թեհրանի կողմից իր պարտավորությունների կատարումից:
Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները՝ պատճառաբանելով դա բանակցային գործընթացում արձանագրված առաջընթացով և հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությամբ։ Իրանական կողմի հետ շփումներից հետո, Թրամփի խոսքով, ձևավորվել է ռազմական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորություն
Իրանի հետ երկու օր շարունակված փոխադարձ հարվածներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փաստացի ավարտին է հասցրել Իրանի հետ պատերազմական դիմակայությունը, իսկ համապատասխան համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն առաջիկա օրերին։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ից բացի, ապագա համաձայնագրի վերջնական դրույթները համաձայնեցվել են նաև «բոլոր ներգրավված կողմերի»՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քաթարի, Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Եգիպտոսի և մի շարք այլ երկրների հետ։
«Ծովային շրջափակումը կմնա ամբողջությամբ ուժի մեջ մինչև այս գործարքի ավարտը․ ստորագրման ժամանակն ու վայրը կհայտարարվեն մոտ ապագայում», - հավելել էր նա։
Հունիսի 10-ի երեկոյան ԱՄՆ զինված ուժերը վերսկսել էին Իրանի տարածքում գտնվող թիրախների դեմ հարվածները։
«Այս հարվածները պատասխան են Իրանի չարդարացված և շարունակվող ագրեսիային», - նշվել էր CENTCOM-ի X-ի գրառման մեջ։ Դրանից առաջ նոր հարձակումների մասին հայտարարել էր նաև Դոնալդ Թրամփը։ Ավելի ուշ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ևս զգուշացրել էր Թեհրանին նոր հարվածների հնարավորության մասին՝ ընդգծելով, որ դրանց նպատակը լայնածավալ պատերազմի վերսկսումը չէ, այլ համաձայնության հասնելու պայմանների ստեղծումը։
Ի պատասխան՝ Իրանը հարվածներ էր հասցրել Պարսից ծոցի երկրներում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ կիրառելով բալիստիկ հրթիռներ։ ՀՕՊ համակարգերի ակտիվություն և օդային տագնապի ազդանշաններ են արձանագրվել Քուվեյթում և Բահրեյնում։ Բացի այդ, Թեհրանը կրկին հայտարարել է Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին։ Իրանի ռազմական հրամանատարության հայտարարության համաձայն՝ ցանկացած նավ, որը կփորձի անցնել նեղուցով, կհայտնվի հարձակման թիրախում։