13 հունիսի 2026 - 13:12 AMT
ԵՄ-ն անդամակցության բանակցություններ կսկսի Ուկրաինայի և Մոլդովայի հետ

Եվրամիությունը հունիսի 15-ին պաշտոնապես սկսելու է անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ։ Այդ մասին հունիսի 12-ի երեկոյան հայտարարել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ նշելով, որ ԵՄ բոլոր անդամ պետությունները համաձայնություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների առաջին փուլի բացմանը։

Երկու ղեկավարների գնահատմամբ՝ այս քայլը դարձել է «ճանաչում այն վճռականության, խիզախության և հետևողական աշխատանքի, որոնք երկու երկրները ցուցաբերել են բարեփոխումներ իրականացնելու ընթացքում՝ նույնիսկ լուրջ դժվարությունների պայմաններում», հայտնում է Deutsche Welle-ն:

Նրանք նաև ընդգծել են, որ Եվրամիության ընդլայնումը ռազմավարական որոշում է, որը համապատասխանում է եվրոպական երկրների ընդհանուր շահերին՝ աճող անորոշությամբ բնութագրվող աշխարհում։

Իր հերթին, ԵՄ խորհրդում նախագահող Կիպրոսի ներկայացուցիչները հայտնել են, որ Հունգարիայի վետոյի վերացումից հետո անդամ երկրները համաձայնեցրել են առաջին բանակցային կլաստերի վերաբերյալ միասնական դիրքորոշումը, ինչի արդյունքում ավարտված է անհրաժեշտ նախապատրաստական գործընթացը։

Բանակցությունների առաջին թեմատիկ խումբը վերաբերում է այն արժեքներին և հիմնարար սկզբունքներին, որոնք պետք է կիսեն Եվրամիությանը միանալու ցանկություն ունեցող երկրները։ Ընդհանուր առմամբ բանակցային գործընթացը նախատեսված է անցկացնել վեց կլաստերով, որոնք ներառում են տասնյակ առանձին բաժիններ։ Բանակցությունների ավարտից հետո նոր անդամների ընդունումը պետք է հաստատվի և վավերացվի ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների կողմից։

Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են դեռևս 2024 թվականի հունիսին, սակայն Հունգարիայի նախորդ կառավարության կողմից կիրառված վետոյի պատճառով Կիևի հետ պաշտոնական բանակցությունները հնարավոր չեն եղել, թեև փորձագիտական մակարդակում շարունակվել են ոչ պաշտոնական քննարկումները։ Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը նախորդ շաբաթ հայտարարել է Ուկրաինայի հետ ձեռք բերված համաձայնության մասին, որը վերաբերում է հունգարական փոքրամասնության իրավունքների ամրապնդմանը և ԵՄ-ի հետ բանակցությունների նկատմամբ վետոյի վերացմանը։

Photo. AP