13 հունիսի 2026 - 13:33 AMT
Մասկը դարձել է պատմության առաջին տրիլիոնատերը

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ 54-ամյա Իլոն Մասկը, հունիսի 12-ին SpaceX ընկերության բաժնետոմսերը դուրս է բերել բորսա և դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը։

SpaceX-ը NASDAQ բորսայում տեղաբաշխել է իր բաժնետոմսերի մի քանի տոկոսը՝ մեկ բաժնետոմսի համար 135 դոլար մեկնարկային գնով։ Սակայն բարձր պահանջարկի հետևանքով առևտրի բացման պահին գինը կազմել է 150 դոլար, իսկ մի քանի րոպե անց բարձրացել է մինչև 164 դոլար, հայտնում է BBC-ն:

Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ SpaceX-ի բաժնետոմսերի նախնական հայտերի քանակը գրեթե չորս անգամ գերազանցել է թողարկված բաժնետոմսերի ծավալը։

Արդյունքում SpaceX-ը միանգամից զբաղեցրել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունների ցանկի յոթերորդ հորիզոնականը։ Եթե մեկնարկային գնով ընկերության պայմանական արժեքը գնահատվել է 1․77 տրիլիոն դոլար, ապա առևտրի մեկնարկից հետո այն բարձրացել է ավելի քան 2 տրիլիոն դոլարի։

SpaceX-ը առավել հայտնի է տիեզերական հրթիռների, տիեզերանավերի և արբանյակների մշակմամբ, սակայն դրա կազմում ընդգրկված են նաև արհեստական բանականությամբ զբաղվող xAI ընկերությունը և X սոցիալական հարթակը, որը նախկինում հայտնի է եղել որպես Twitter։

SpaceX-ից բացի, Իլոն Մասկը վերահսկում է նաև Tesla էլեկտրամոբիլներ արտադրող ընկերությունը։

Հետագայում բաժնետոմսերի արժեքը կարող է ինչպես աճել, այնպես էլ նվազել՝ կախված վաճառքի հանված արժեթղթերի ծավալից և ներդրողների պահանջարկից։

Վերջնական հաշվով բաժնետոմսերի շուկայական գինը ձևավորվում է բաց բորսայական առևտրի ընթացքում, որն իր էությամբ աճուրդային գործընթաց է։

SpaceX-ի առաջին պաշտոնական աշխատակիցը և ներկայումս Impulse Space ընկերության հիմնադիր Թոմ Մյուլերը BBC-ի թղթակից Միշել Ֆլերիին տված հարցազրույցում հայտարարել է, որ դժվարությամբ է հավատում իր աչքերին՝ տեսնելով, թե որքան է փոխվել ընկերությունը։

Մյուլերը հիշեցրել է SpaceX-ի գործունեության առաջին տարիները՝ առաջին հրթիռային շարժիչի գործարկումը, դրա պայթյունը, հրթիռներից մեկի կործանումը և այն պահը, երբ մի շարք անհաջողություններից հետո ընկերությունը 2008 թվականին վերջապես կարողացել է հաջողությամբ հրթիռ դուրս բերել ուղեծիր։

Մյուլերը հեռացել է SpaceX-ից 2020 թվականին, սակայն մինչ օրս պահպանում է ընկերությունում զգալի մասնաբաժին։

Տեխնոլոգիական Nasdaq բորսայում բաժնետոմսերի տեղաբաշխումը շատերի կողմից դիտարկվում է որպես նախադեպ այլ մասնավոր ընկերությունների համար, որոնց գնահատականը մոտենում է 1 տրիլիոն դոլարի, այդ թվում՝ Anthropic-ի և OpenAI-ի։

Երկու ընկերություններն էլ վերջերս հայտարարել են բորսա դուրս գալու նախապատրաստական աշխատանքների մասին, և այդ գործընթացը, հավանաբար, տեղի կունենա արդեն ընթացիկ տարում։

Չնայած նրան, որ SpaceX-ը դարձել է հրապարակային ընկերություն, իսկ դրա գործունեությունը հայտնվելու է ներդրողների և կարգավորող մարմինների ավելի մեծ ուշադրության կենտրոնում, Իլոն Մասկը պահպանելու է բիզնեսի նկատմամբ գրեթե լիակատար վերահսկողությունը։

Նրան պատկանող A և B դասերի բաժնետոմսերի շնորհիվ Մասկը տիրապետելու է SpaceX-ի կապիտալի մոտ 40 տոկոսին, ինչը նրան ապահովելու է ավելի քան 84 տոկոս ձայնի իրավունք կորպորատիվ որոշումների ընդունման ժամանակ։

Նմանատիպ կառավարման մոդել գործում է նաև Meta ընկերությունում, որտեղ համահիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը վերահսկում է բաժնետոմսերի տարբեր դասեր։ Սակայն նրա ձայների մասնաբաժինը կազմում է մոտ 60 տոկոս, ինչը զգալիորեն պակաս է SpaceX-ում Մասկի վերահսկողության մակարդակից։

Իշխանության նման բարձր կենտրոնացումը նշանակում է, որ SpaceX-ը նույնիսկ պարտավոր չէ տնօրենների խորհրդում ներառել անկախ անդամների, այսինքն՝ անձանց, որոնք ընկերության գործունեության նկատմամբ անձնական կամ ֆինանսական շահագրգռվածություն չունեն։

Հարվարդի իրավունքի դպրոցի վերլուծության համաձայն՝ նույնիսկ եթե ապագայում Մասկը որոշի վաճառել իրեն պատկանող A դասի բաժնետոմսերի մի մասը, ինչը, հավանաբար, էլ ավելի կավելացնի նրա առանց այդ էլ ռեկորդային կարողությունը, նա միևնույն է պահպանելու է ընկերության փաստացի վերահսկողությունը B դասի բաժնետոմսերի ծավալի շնորհիվ։

Հետազոտության հեղինակները նշել են, որ կառավարման նման կառուցվածքը որոշակի ռիսկեր է ստեղծում ներդրողների համար, քանի որ SpaceX-ի ղեկավարությունը կարող է ինքնուրույն որոշումներ ընդունել խոշոր գործարքների վերաբերյալ, ներառյալ Մասկին պատկանող այլ ընկերությունների հնարավոր ձեռքբերումը, ինչպես նաև սահմանել նրա վարձատրության չափը։

SpaceX-ը արդեն ձեռք է բերել Մասկի xAI ստարտափը, որն իր հերթին 2025 թվականին գնել է X սոցիալական հարթակը։ Մասկը նախկինում Twitter անունով հայտնի այս հարթակը ձեռք է բերել 2022 թվականին։

Photo. Getty Images