13 հունիսի 2026 - 13:49 AMT
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին, պահանջում է հերքում և 9 մլն դրամ

Երևանի քաղաքացիական դատարանը հունիսի 12-ին վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:

Հայցով պահանջվում է հերքել զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել և վճարել ավելի քան 9 մլն դրամի փոխհատուցում, հայտնում է Sputnik Արմենիան:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունիսի 2-ին, իսկ հունիսի 12-ին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը այն ընդունել է վարույթ։

Ծառուկյանը պահանջել է դատարանի միջոցով պարտավորեցնել Փաշինյանին՝ հայցի բավարարման մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ-ում գործող զանգվածային լրատվամիջոցների համար հասանելի վայրում և առնվազն 24 ժամ առաջ այդ մասին ԶԼՄ-ներին տեղեկացնելով, հրապարակայնորեն հերքել իր հասցեին տարածված՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Հայցադիմումի համաձայն՝ Փաշինյանը պետք է հերքի մայիսի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Ծառուկյանի վերաբերյալ հնչեցրած՝ «հանցագործ», «շպիոն», «գործակալ» լինելու, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» արտահայտությունները՝ նշելով, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և կեղծ են։

Հայցում նաև ներառվել է այն լրատվամիջոցների ցանկը, որտեղ պետք է հրապարակվեն հերքման տեքստը և Փաշինյանի ներողությունը։

Ներկայացված պահանջներով Ծառուկյանը խնդրել է Փաշինյանից հօգուտ իրեն գանձել 6 մլն դրամ՝ զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար, 3 մլն դրամ՝ վիրավորանքի հետևանքով պատճառված վնասի դիմաց, ինչպես նաև 310 հազար դրամ՝ դատական ծախսերի, նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության համար։ Նշվել է, որ պայմանագիրն ու հաշվարկը կներկայացվեն լրացուցիչ։

Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկինում ևս հայց էր ներկայացրել «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերության դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իրենց գնահատմամբ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Այդ գործով Ծառուկյանը պահանջել է, որ Հանրային հեռուստաընկերությունը հերքումից բացի վճարի 12 մլն դրամ փոխհատուցում, որից 6 մլն դրամը՝ կուսակցությանը, իսկ 6 մլն դրամը՝ անձամբ իրեն։ Բացի այդ, հայցով պահանջվել է ևս 200 հազար դրամ՝ պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսերի համար։