
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում հայտարարել է, որ «ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»։
Նա նշել է, որ դիմելու են ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, թեև ակնկալիք չունեն, բայց այս պրոցեսով պետք է անցնեն, ՍԴ նիստերի ընթացքում պետք է ցույց տան հանրությանը, թե ինչ է կատարվել մինչև ընտրության օրն ու քվեարկության ընթացքում, հայտնում է Panorama.am-ը:
Նա բոլոր խախտումները բաժանել է մի քանի բլոկի։
«Առաջինը և ամենից կարևորը կհամարեի հենց դրսի աջակցությունը, որը ուղղակի նախադեպ չուներ՝ սկսած ԱՄՆ փոխնախագահի աջակցության հայտարարությունից, հետո նախագահ Թրամփի, Ռուբոյի օդանավակայանային այցը՝ կեսժամանոց մամուլի ասուլիսով, Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությունները, տարբեր եվրոպական երկրների առաջնորդների, Մակրոնի՝ ուղղակի նախադեպը չունեցող միջամտությունը ընտրություններին։ Ես մեծ փորձ ունեմ քաղաքականության մեջ, այդպիսի բան երբեք չի եղել, և միայն այս բլոկը արդեն բավարար է համարելու, որ միջամտությունը եղել է այն աստիճանի, որը կարող էր ունենալ ազդեցություն վերջնական արդյունքների վրա։ Սա մեկ բլոկ։
Երկրորդ բլոկը՝ բյուջետային աննախադեպ ծախսերն էին, որոնք կարելի է հանգիստ համարել բյուջետային կաշառք ընտրական գործընթացի ժամանակ։ Եվ հատկապես կենսաթոշակների այդ բարձրացումը, որը նախատեսված չէր բյուջեով։ Վերջապես, եթե այդպիսի բան պլանավորում էիք, դուք կարող էիք դա նախատեսել բյուջեով։ Նախատեսված չէր։ Օրինակ, արձակուրդում գտնվող վարչապետը հանկարծ վարորդական իրավունքների բալային համակարգի հետ կապված դժգոհության հարց է լուծում։ Սա ուղղակի վարչական ռեսուրսի չարաշահում է, և համարում եմ, որ սա պետք է քրեաիրավական գնահատական ստանա, և ոչ միայն սա։
Սա երկրորդ բլոկն է, և տարբեր գնահատականներով մոտ 1 միլիարդ դոլարի չափ գումար է նետվել, որի մի զգալի մասը նախատեսված չէր բյուջեով, և սա կարելի է համարել բյուջեի այսպես չարաշահում ընտրական գործընթացներում։
Պետական ոլորտի աշխատողների վրա ճնշումը համատարած էր, նույնիսկ դիտորդներն են դա արձանագրել։
Եվ վերջապես բռնաճնշումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ՝ կալանավորումներ, ձերբակալություններ։ Շատ-շատ էին, նախադեպ չունեն այսպիսի ծավալները։ Նույնիսկ ես ավելին կասեմ՝ Հայաստանում բոլոր տեղի ունեցած ընտրությունների ընթացքում միասին այդքան կալանավորումներ, ձերբակալություններ և քրեական գործեր չեն հարուցվել, ինչպես միայն այս ընտրությունների ժամանակ»,- ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ նշված բոլոր գործողությունները նպատակ են ունեցել թուլացնել և խաթարել ընդդիմադիր ուժերի շտաբների աշխատանքը։
«Միայն այս բլոկն արդեն ևս բավարար է ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու համար, քանի որ այս գործողությունն ակնհայտ ազդել է վերջնական արդյունքների վրա»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Անդրադառնալով ընդդիմության հետագա քայլերին՝ նա նշել է. «Շփումներ կան, միասին կոնսուլտացիաներ են իրականացնում, միասնական գործողություններն ինչպիսին կլինեն, ցույց կտա ժամանակը, այս պահին չեմ կարող ասել։ Մտահոգությունը բոլորի մոտ է, և այն, ինչ կատարվում է հիմա, օրինակ, ԲՀԿ-ի ձայների հետ, ուղղակի ևս մի արտառոց բան է։
Ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում, որի իրավունքը ուղղակի չունի։ Ինքը չի կարող անվավեր ճանաչել որևէ տեղ։ Ինքը կարող է այդ տեղամասում նոր ընտրություն կազմակերպել, բայց զուտ անվավեր ճանաչելու իրավունք չունի։
Ընդհանրապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կեցվածքը շատ տարօրինակ էր ամբողջ գիշերը և իսկապես հարցեր է առաջացնում։ Սա ՔՊ-ի շարունակությունն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նախկին ՔՊ-ական պատգամավոր է, և անաչառության որևէ նշույլ այստեղ ուղղակի չկա։ Սա մեծ հարցեր է առաջացնում և ավելացնում է ոչ լեգիտիմ, այսպես, ընտրությունների ընկալմանը բավական լուրջ փաստարկներ»։
Խոսելով մանդատներ վերցնելու կամ չվերցնելու մասին՝ Քոչարյանը նշել է. «Հնարավորությունը հիմա ավելի մեծ է մանդատների քանակի առումով, կա մեկ այլ քաղաքական ուժ, որը մեզանից ավելի շատ մանդատներ է ստացել, նոր դեմքերով են հանդես գալիս։ Այստեղ պայքարի նոր, բավականին հետաքրքիր հնարավորություն է բացվում։ Գումարենք, որ իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ է լինելու ամբողջ այդ ընթացքում, ինչը չի եղել նախորդ ժամանակներում»:
Նա նշել է, որ ընդդիմադիր ձայները շեշտակի ավելացել են։
«Եթե փոշիացված ձայները գումարենք, մեծ մասը ընդդիմադիր ձայներ են, 600 հազարից ավելի է ստացվում և եթե դրա 10 տոկոսը դուրս գա փողոց, բավարար է մեկ տարում այս իշխանությանը հարցերը լուծել։ Պոտենցիալը կա, հիմա ինչպես կկարողանանք այդ պոտենցիալն օգտագործել, կախված է և մեզանից, և որոշ զարգացումներից»,-ասել է Քոչարյանը:
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։
Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։