13 հունիսի 2026 - 14:44 AMT
«Զվարթնոցում» ՌԴ հարցումով ձերբակալվել է մաթեմատիկոս Վերբիցկին

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ հարցումով ձերբակալվել է մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին, որը Ռուսաստանում գտնվում է հետախուզման մեջ։ Այդ մասին հայտնել են գրող Ռոման Լեյբովը և «Դոժդ» հեռուստաալիքը։

Լեյբովը գրել է, որ Վերբիցկին օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի պահանջով և, փաստաբանի խորհրդով, կոչ է արել հնարավորինս լայն տարածել այդ տեղեկությունը, գրում է Meduza-ն:

«Դոժդին» «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնում հաստատել են, որ Ռուսաստանում հետախուզվող համարվող Վերբիցկին ձերբակալվել է։ ՆԳՆ աշխատակցի խոսքով՝ մաթեմատիկոսը ներկայումս գտնվում է Երևանի մեկուսարանում։

Երևանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի «Վանաձոր» գրասենյակի իրավաբան Անի Չատինյանի խոսքով՝ Վերբիցկու ձերբակալությունը կապված է Ռուսաստանում նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հետ։ Նա պարզաբանել է, որ եթե Ռուսաստանը ներկայացնի արտահանձնման հարցում, ապա օրենքի համաձայն Վերբիցկին կկալանավորվի 40 օրով, իսկ եթե նման հարցում չներկայացվի, ապա 72 ժամ անց նա կազատ արձակվի։

2025 թվականի հունվարին Վերբիցկին Ռուսաստանում ընդգրկվել է «Ռոսֆինմոնիտորինգի» ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում։ Այդ ցուցակում նրա անունը նշված է աստղանիշով, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ հարուցված է գործ ահաբեկչական հոդվածով։ ՌԻԱ Նովոստին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Վերբիցկին դարձել է ահաբեկչության կոչերի վերաբերյալ քրեական գործի ֆիգուրանտ։

Վերբիցկին «Խոլոդ»-ին տված հարցազրույցում պատմել է, որ Ռուսաստանից հեռացել է դեռևս 2015 թվականին և բնակվում է Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ զբաղեցնում է պրոֆեսորի պաշտոն Ազգային մաթեմատիկայի ինստիտուտում։

Նա աշխատել է Մոսկվայի Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում, դասավանդել է ԲՏՀ Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի մաթեմատիկայի ֆակուլտետում, ինչպես նաև Գլազգոյի համալսարանում և Բրյուսելի Ազատ համալսարանում։

Վերբիցկին հայտնի է նաև որպես բլոգեր և «Տիֆարետնիկ» հարթակի ստեղծող, որը համարվում է «Կենդանի ամսագրի» համանման նախագիծ։ Իր բլոգերում նա իրեն նկարագրել է որպես «կոմունիստ», «անարխիստ» և «սատանիստ»։ 1990-ականների վերջում և 2000-ականների սկզբին նա աջակցել է «ռուսական աշխարհի» գաղափարին և Ազգային-բոլշևիկյան կուսակցությանը։

2014 թվականին Վերբիցկին որպես վկա ներգրավված է եղել հրապարակախոս Բորիս Ստոմախինի քրեական գործով, որին մեղադրել են կրոնական թշնամանք հրահրելու, ծայրահեղականության կոչեր անելու և ահաբեկչությունն արդարացնելու համար։