
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի մի շարք կառույցների Գործադիր խորհրդի տարեկան նստաշրջանին՝ վերահաստատելով ՀՀ աջակցությունը ՄԱԿ-ի ծրագրերին:
Իր ելույթներում դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել UNDP-ի և UNFPA-ի գործունեությունը՝ կայուն զարգացման, դիմակայունության ամրապնդման, ժողովրդագրական քաղաքականության, կանանց և աղջիկների հզորացման, հումանիտար արձագանքի և խոցելի խմբերին աջակցելու ուղղություններով իրականացվող աշխատանքների համար։
Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը երկու կազմակերպությունների մանդատներին և կարևորել կանխատեսելի ֆինանսավորման ապահովումը, ազգային մակարդակում արդյունավետ աշխատանքի իրականացումը և ծրագրային երկրների հետ շարունակական համագործակցության պահպանումը։
Անդրադառնալով UN80 նախաձեռնության շրջանակում ընթացող քննարկումներին՝ դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ բարեփոխումները պետք է նպաստեն արդյունավետության բարձրացմանը և ազգային մակարդակում ազդեցության ուժեղացմանը՝ միաժամանակ պահպանելով գործող մանդատները, մասնագիտական ներուժը և գործառնական գործունեությունը։
Նա ընդգծել է, որ ցանկացած անցումային գործընթաց պետք է բացառի ընթացիկ ծրագրերի իրականացման խաթարումը և երաշխավորի, որ ռեսուրսներն ու կառավարման կարողությունները շարունակեն ծառայել նախատեսված արդյունքների ապահովմանը։
Դեսպան Հովհաննիսյանը նաև վերահաստատել է Հայաստանի աջակցությունը անդամ պետությունների կողմից առաջնորդվող, թափանցիկ, ներառական և ապացույցահեն գործընթացին։