
Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած 6 քաղաքական ուժ համատեղ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք «հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը»։
Նշվում է, որ ընտրությունների տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ստույգ արդյունքները, իսկ «երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»։
«Ներքոստորագրյալ քաղաքական ուժերս արձանագրում ենք, որ ընտրական ամբողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։
Մասնավորապես՝
Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում և ճնշումներ
Ամբողջ երկրում պետական և համայնքային պաշտոնյաների, ինչպես նաև նույն կառույցների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ուժային համակարգի ռեսուրսների ինտենսիվ ներգրավումը քաղաքական գործընթացներում խաթարել է հավասար մրցակցային պայմանները։ Պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ գործադրված ճնշումները, աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքները ձևավորել են կախվածության մթնոլորտ, ինչն անհամատեղելի է ազատ ընտրությունների սահմանադրական սկզբունքի հետ։
Քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ
Նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ալիքով։ Իշխանությունները կիրառել են անհիմն ձերբակալությունների և կալանավորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և խաթարել ընդդիմադիր ընտրազանգվածի հետ տարվող կազմակերպչական աշխատանքները։ Նման համակարգային բնույթ կրող գործողությունները հատկապես իրականացվել են նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ համատարած վախի մթնոլորտի սերմանման նպատակով։
Ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտում
Քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, իրավապահ մարմինների կողմից իրականացվել է ընդդիմադիր ընտրական շտաբերի աշխատանքների համատարած կաթվածահարում։ Խուզարկությունները, անհիմն իրավական գործողություններով շտաբերի բնականոն գործունեության խաթարումները և կազմակերպիչների ձերբակալությունները միտված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չեզոքացմանը։
Տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահում
Հանրային և իշխանությանը հարող, նույնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման համար։ Տեղեկատվական դաշտում այլակարծության ճնշումը խախտել է հավասար մրցակցության բոլոր սահմանադրական նորմերը։
Ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում
Բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրվել են քվեարկության արդյունքների կամայական խմբագրման և առանձին ընտրատեղամասերում այլ անօրինական գործիքակազմի կիրառման դեպքեր, որոնք, ըստ հայտարարության հեղինակների, ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների և քաղաքական ուժերի միջև ձայների հարաբերակցության վրա։ Նշվել է նաև, որ դրան զուգահեռ վարչախմբի ղեկավարը պաշտոնական տվյալների հրապարակումից առաջ ուղղակի միջամտություն է ունեցել ընտրությունների արդյունքների վերաբերյալ գործընթացներին։
Ուստի մենք հայտարարում ենք.
Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։
Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։
Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։ Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից»,-ասվում է հայտարարության մեջ:
Այն ստորագրել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը։
Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:
ՔՊ֊-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։