
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն թույլատրել լքել ՀՀ տարածքը, հայտնում է Panorama.am-ը:
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացրել էին, որ նախագահը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից։ Նշվել էր, որ այցն ունի անձնական բնույթ, նախապես պլանավորված է եղել և հետաձգվել է նախընտրական ծանրաբեռնված ժամանակացույցի պատճառով։
«Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»,-ասվում էր հաղորդագրության մեջ:
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը հաստատել է տեղեկությունը, ըստ որի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել մեկնել երկրից, հայտնում է Factor.am-ը:
«Ես, ճիշտն ասած, նույնպես լուրերից եմ տեղեկացել։ Հերթական լկտիությունն ու ապօրինությունն է, որի իրավունքը ոչ մի ձև չունեն, բայց մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում»,-ասել է նա:
Լևոն Քոչարյանը պարզաբանել է, որ հայրը պետք է մեկներ Ռուսաստան:
«Մենք նախօրոք՝ հենց հաշվի առնելով վերջին օրերի մի քանի նման դեպքերը, երբ այս իշխանական քարոզչական մեքենան յուրաքանչյուր անձի դուրս գնալը մեկնաբանում է ուրիշ ձև, հենց դրա համար նախօրոք է հայտարարվել դրա մասին։ Որ այստեղ ոչ մի բան չկա. մի քանի օր պետք է մեկներ, բայց միևնույն է՝ իրենց շոուն արեցին, իրենց ապօրինությունն արեցին»,-ասել է նա։
Ռոբերտ Քոչարյանի հնարավոր մեկնելու վերաբերյալ տեղեկությունների տարածման ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում ասում է․ «Ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները, դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին և չեք ունենալու այդ հնարավորությունը»։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել է, որ տեղի է ունեցել մի իրավիճակ, որը, իր գնահատմամբ, կանխատեսելի էր գործող իշխանությունների պայմաններում։
Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է. «Չնայած նախօրոք տարածած հայտարարությանը, որ նախագահ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով մեկնում է, նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց: Զարմանալի չէ, որ սահմանապահներից գուցե նաև շուտ դրա մասին տեղյակ էին արդեն իշխանական լրատվամիջոցները։
Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել)»,-նշել է նա։
Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:
ՔՊ֊-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։