15 հունիսի 2026 - 12:36 AMT
Փաշինյան․ Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի, չենք մոռանալու նաև Սերժին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ, իր բնորոշմամբ, «եռագլուխ մաֆիան» որևէ հնարավորություն չունի որևէ արդյունքի հասնելու։

Փաշինյանը «եռագլուխ մաֆիա» է անվանում ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդներ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին:

«Եռագլուխ մաֆիան պետք է կործանվի: Եվ այստեղ չենք մոռացել և չենք մոռանալու Սերժին՝ կալուգացու գլխավոր մարիոնետավարին: Ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել եռագլուխ մաֆիային»,-ասել է նա:

Նա հավելել է, որ դեռևս քարոզարշավի ժամանակ է ասել, որ այդ ուժերի ներկայացուցիչները ցանկանալու փախչել Հայաստանից և չեն ունենալու այդ հնարավորությունը:

«Եռագլուխ մաֆիան ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով՝ նա չունի, չի ունենալու և չի ունեցել ժողովրդի աջակցությունը»,-ասել է Փաշինյանը:

Մեկ այլ տեսանյութում նա ասել է, որ ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու:

Նրա խոսքով՝ որոշ շրջանակների տրամաբանությամբ ստացվում է, թե ՀՀ-ն պետք է ներողություն խնդրի ընտրակաշառք բաժանած անձանցից և ուժերից, քանի որ նրանց բաժանած ընտրակաշառքը ճշգրիտ չի արտահայտվել ընտրությունների արդյունքների վրա, և այդ պատճառով նրանց պետք է տրվի երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ շանսը:

«Ընտրակաշառք բաժանած ուժերին այլևս որևէ շանս չի տրվելու, և սա որոշվել է ժողովրդի քվեարկությամբ»,- հայտարարել է վարչապետը։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ֊-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։