
2025 թվականին Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 4413 գործարք, որոնցից միայն 4-ը եղել են Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնել են ՀՀ կադաստրի կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից գրանցված գույք առկա չէ։ 2025 թվականի ընթացքում Թուրքիայի քաղաքացիների կողմից Երևանի Կենտրոն վարչական շրջանում ձեռք է բերվել բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան, վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 2 բնակարան և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղական բնակավայրում 1 հող»,-հայտնել են կառույցից:
Կոմիտեից նաև տեղեկացրել են, որ 2026-ի հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույքի որևէ գործարք չեն իրականացրել։
Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին եռամսյակում գրանցված գործարքներից 1889-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդես են եկել միայն որպես գնորդ, 2399-ի դեպքում՝ միայն որպես վաճառող, իսկ 125 գործարքի դեպքում երկու կողմերն էլ եղել են օտարերկրյա քաղաքացիներ։
Տվյալների համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիները գնել են 2014 միավոր անշարժ գույք և վաճառել 2524-ը։
Անշարժ գույքի գնման դեպքում առավել մեծ հետաքրքրություն է եղել բնակարանների, հողատարածքների և ավտոտնակների նկատմամբ։ Գործարքների աշխարհագրությամբ առաջին տեղում Երևանն է՝ 1304 միավոր գնված գույքով, որին հաջորդել են Կոտայքի մարզը՝ 221 և Լոռու մարզը՝ 78 միավոր ցուցանիշով։ Վաճառքների դեպքում ևս առաջին տեղում Երևանն է՝ 762 միավոր, երկրորդ և երրորդ հորիզոնականներում համապատասխանաբար Կոտայքի՝ 364 և Արմավիրի մարզերը՝ 292 միավոր։
ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում առաջատարը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են։ Նրանց հաջորդել են ԱՄՆ քաղաքացիները, իսկ երրորդ տեղում եղել են Իրանի քաղաքացիները։ Գույք ձեռք բերողների թվում եղել են նաև Սիրիայի, եվրոպական տարբեր երկրների և ԱՊՀ այլ պետությունների քաղաքացիներ։
2026 թվականի առաջին եռամսյակում օտարերկրյա քաղաքացիները գնել են 525 միավոր անշարժ գույք, իսկ վաճառել՝ 572-ը։
Հունվար-ապրիլ ժամանակահատվածում նրանք ձեռք են բերել 316 բնակարան, 68 ավտոտնակ, 58 հողատարածք և 54 բնակելի տուն։ Գնված գույքի թվում եղել են նաև արտադրական և հասարակական նշանակության շինություններ։ Միաժամանակ վաճառվել են 226 բնակարան, 172 հողատարածք և 145 բնակելի տուն, իսկ արտադրական և հասարակական նշանակության շինությունների վաճառքները եղել են սահմանափակ քանակով։
2023 թվականին Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել բազմաբնակարան շենքերում գտնվող 3 բնակարան, որոնք բոլորը գտնվել են Երևանում։ Նույն տարում Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում անշարժ գույք չեն գնել, մինչդեռ 2022 թվականին ձեռք են բերել 2 անշարժ գույք՝ մեկը Երևանում, մյուսը՝ Լոռու մարզում գտնվող անհատական բնակելի տուն։