15 հունիսի 2026 - 13:36 AMT
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում

ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։ Այդ մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը միջնորդական դեր է ստանձնել երկու երկրների բանակցություններում։ Տեղեկությունը հաստատել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Deutsche Welle-ն:

Շարիֆը հունիսի 14-ին X հարթակում կատարած գրառմամբ նշել է, որ կողմերը համաձայնության են հասել և մոտեցել պաշտոնական ստորագրմանը։ Նա շնորհակալություն է հայտնել երկու երկրներին «հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու հանձնառության համար», ինչպես նաև երախտագիտություն է հայտնել Կատարին՝ միջնորդության համար, իսկ Սաուդյան Արաբիային և Թուրքիային՝ «այս հարցում ունեցած հսկայական ներդրման համար»։

Պակիստանի վարչապետն ասել է․ «Այժմ, երբ համաձայնությունը ձեռք է բերվել, միջնորդներն այս շաբաթ կազմակերպելու են մի շարք հանդիպումներ։ Այս քննարկումները, որոնք նախորդելու են համաձայնության իրագործմանը, հիմք կստեղծեն տեխնիկական բանակցությունների և պաշտոնական ստորագրման արարողության համար»։

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է, որ Իրանի հետ խաղաղության գործարքը «այժմ արդեն կնքված է»։ Նա նաև հայտնել է Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից իրականացվող շրջափակման դադարեցման մասին։

«Սույնով ես թույլատրում եմ բացել Հորմուզի նեղուցը նավերի ազատ անցման համար և միաժամանակ կարգադրում եմ անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից իրականացվող ծովային շրջափակումը։ Աշխարհի բոլոր նավերը, գործարկե՛ք շարժիչները։ Թող նավթը հոսի», - գրել է Թրամփը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը հայտարարել է, որ նախատեսում է մասնակցել Ժնևում կայանալիք ստորագրման արարողությանը։ Նրա խոսքով՝ հանդիպմանը կարող է ներկա գտնվել նաև ԱՄՆ նախագահը։

Շահբազ Շարիֆը նշել է նաև, որ պայմանավորվածությունները վերաբերում են ոչ միայն ԱՄՆ-ին և Իրանին, այլև Լիբանանի ուղղությամբ ընթացող ռազմական գործողություններին։ Նրա խոսքով՝ «երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցման մասին»։

Լիբանանի հարցը Թեհրանի համար համարվում է կարևոր բաղադրիչ։ Այդ երկրում Իսրայելն իրականացրել է ռազմական գործողություններ՝ դրանք հիմնավորելով Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորման դեմ պայքարով։

Հունիսի 14-ին Իսրայելը հերթական ավիահարվածներն է հասցրել Բեյրութի՝ «Հեզբոլլահի» վերահսկողության տակ գտնվող շրջաններին՝ դրանք ներկայացնելով որպես պատասխան գործողություն։ Դոնալդ Թրամփը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:

«Բիբին (Նեթանյահուն) չպետք է դա աներ։ Դա ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Նրանք («Հեզբոլլահը») արձակել են մի քանի փոքր հրթիռ, սակայն զգալիորեն վրիպել են թիրախից»,-նշել է նա:

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ևս հաստատել է Վաշինգտոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նրա խոսքով՝ կողմերը կստորագրեն «փոխըմբռնման հուշագիր»։

Նա նշել է, որ դրանից հետո 60 օրվա ընթացքում շարունակվելու են բանակցությունները՝ վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ, իսկ այդ ընթացքում Իրանը հետևելու է հուշագրի դրույթների կատարմանը՝ «մատը ձգանին պահելով»։

Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ նման արդյունքի նախկինում ոչ ոք չի հասել։

«Տարածաշրջանի առաջնորդներն առաջին անգամ գտել են մի նախագահի, որն ունակ է օգնել նրանց հասնել իրական խաղաղության», - գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։