
Ընտրակաշառք տալու համար պատիժը կսահմանվի մինչև 10 տարվա ազատազրկում, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է խստացնել ընտրակաշառք տալու և ստանալու համար սահմանված պատժաչափերը։
Նա տեղեկացրել է, որ հարցը քննարկվելու և քվեարկվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստում, հայտնում է Արմենպրեսը:
«Խոսքը վերաբերում է ընտրակաշառք տալուն և վերցնելուն։ Դրանց պատիժը կխստացվի»,-նշել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ ընտրակաշառք ստանալու համար ներկայումս սահմանված մինչև 7 տարվա ազատազրկման փոխարեն նախատեսվել է սահմանել մինչև 9 տարվա ազատազրկում։ Միաժամանակ, ընտրակաշառք տալու համար նախատեսված պատիժը ևս խստացվելու է՝ մինչև 8 տարվա ազատազրկման փոխարեն սահմանվելով մինչև 10 տարվա ազատազրկում։
«Բնական է, սա միակ գործիքը չէ, որը կիրառվելու է ընտրակաշառք տվողների և վերցնողների դեմ։ Կլինեն այլ գործիքներ, նաև քաղաքական հետևանքներ կլինեն»,-ասել է ԱԺ նախագահը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ առաջարկելով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ` նկատի ունենանոլվ ԱԺ ընտրություններին նախորդած ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների ուսումնասիրության արդյունքները։
Կոմիտեն առաջարկել է այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք ապագայում կնվազեցնեն նման սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ ընտրական գործընթացներում ներգրավված քաղաքական ուժերի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու միջոցով։