
Լյուքսեմբուրգում անցկացվող ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում քննարկվելու են նաև Հայաստանին աջակցելու միջոցները, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նիստի մեկնարկից առաջ:
Նա հավելել է, որ տեսնում են Ռուսաստանի կողմից աճող ճնշումը, հայտնում է Factor.am-ը:
«Նախ՝ մենք կսկսենք Հայաստանի վերաբերյալ աշխատանքային նախաճաշով։ Մեզ կմիանա Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Նրանք հենց նոր ընտրություններ են ունեցել, և մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից իսկապես աճող ճնշումը՝ փոխելու նրանց ուղին։ Ահա թե ինչու մենք պետք է աջակցենք նրանց, որպեսզի լինեն դիմացկուն, այդ պատճառով մենք նաև քննարկում ենք նախարարի հետ, թե ինչ կարող ենք անել ավելին՝ նրանց օգնելու իրենց ճանապարհին»,- ասել է Կալասը։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը։
ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները։ Ըստ ֆոն դեր Լայենի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումներից հետո արդեն կազմակերպվել է արտահանման նոր ուղղություն, և հունիսի 5-ին Լատվիա է հասնելու 10 հազար ծաղիկների առաջին խմբաքանակը, որին հաջորդելու են նոր առաքումներ։