15 հունիսի 2026 - 15:06 AMT
«Միասնության թևերը» շարունակում է իրավական պայքարն ընտրություններն անվավեր ճանաչելու համար

«Միասնության թևերը» ողջունում է ընտրական խախտումների վերաբերյալ ընդդիմադիր 6 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը, սակայն միաժամանակ հայտնել է, որ շարունակելու է սեփական իրավական գործընթացները։ Այդ մասին ասել է կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու քաղաքական ուժը չի միացել այդ հայտարարությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա հիշեցրել է, որ իրենց քաղաքական ուժը դեռ ընտրությունների հաջորդ օրն է հայտարարել, որ չի ընդունում արդյունքները։ Նրա խոսքով՝ կուսակցությունը համարել է, որ ընտրությունները ձախողվել են, քանի որ մինչ քվեարկությունը ընտրողների կամքի վրա զգալի ազդեցություն է գործադրվել, մասնավորապես՝ իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի և այլ մեթոդների կիրառմամբ, ինչի հետևանքով քաղաքացիները չեն կարողացել ազատորեն արտահայտել իրենց կամքը։

Անդրադառնալով հունիսի 14-ին կայացած ԿԸՀ նիստին՝ Դրմեյանը նշել է, որ արձանագրված խախտումների քանակն այնքան մեծ է եղել, որ կասկածի տակ է դրվել ընդունված որոշման իրավաչափությունը։ Նրա խոսքով՝ հաջորդ քայլը լինելու է ԿԸՀ որոշման բողոքարկումը։

«Նիստի ընթացքում, մեղմ ասած, խայտառակ պրոցես էր, ԿԸՀ-ն բազմաթիվ խախտումներ թույլ տվեց, կոնկրետ՝ ԿԸՀ նախագահը, որը փաստացի չէր տիրապետում ո՛չ իրավական կանոնակարգումներին, ո՛չ պրոցեսներին։ Վարչական վարույթ էր ընթանում, վարույթի ընթացքում ուրիշ պրոցես գնաց, օրակարգը հաստատվեց մեկ այլ նախագծով, արդյունքում մեկ այլ նախագիծ բերվեց օրակարգ։ Խախտումներն այնքան շատ էին, որ ինքնին ԿԸՀ որոշման իրավաչափությունը կասկածի տակ են դնում»,- նշել է Դրմեյանը։

Նա հիշեցրել է, որ հունիսի 14-ի նիստում «Ուժեղ Հայաստանը» և «Միասնության թևերը» պահանջել են Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի հիման վրա անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Սակայն, նրա խոսքով, ԿԸՀ-ն այդ հարցը չի ներառել քննարկման առարկա և հայտարարել է, որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։

Դրմեյանը քննադատել է նաև ԿԸՀ-ի այսօրվա պարզաբանումը, ըստ որի՝ վերջնական արդյունքների հայտնի լինելու պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե նախնական քաղաքական նախընտրությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը փոփոխելու հաշվարկով։

«Մանիպուլյացիայի դաշտում է, այդ վերաքվեարկությունը պետք է շատ ավելի վաղ նշանակվեր, մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, որպեսզի հիմա իրենց նշած այդ հանգամանքը գոյություն չունենար։ Մանիպուլյատիվ, նեղ ինչ-որ շահեր, հարցեր լուծող հայտարարություն է»,- ասել է Դրմեյանը։

Նա նաև հայտնել է, որ «Միասնության թևերը» դիտարկում է Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Հունիսի 14-ին ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ ԲՀԿ-ն չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։ Արդյունքների հրապարակումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ ընտրությունների ընթացքում արձանագրվել են հինգ խոշոր խմբի հիմնարար խախտումներ, ինչի հետևանքով արդյունքները չեն կարող հիմք ծառայել լեգիտիմ և մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։