15 հունիսի 2026 - 15:13 AMT
Զոնաբենդ. Մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային պատվիրակություն, որը կմեկնի Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու

Բաքվի բանտում շինծու գործով գտնվող հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպելկանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ:

Նա նշել է, որ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարել է, որ այս հարցը իր իրավասությունների շրջանակում չէ: Զոնաբենդը դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին՝ խնդրելով աջակցել այցին:

«2023 թ․ սեպտեմբերից իմ ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։ Ես սա գրում եմ որպես Ռուբեն Վարդանյանի կին, որպես մայր, որպես տատիկ և որպես մարդ, որն այլևս չի կարող լուռ սպասել՝ հետևելով տարբեր կառույցների բացատրություններին, թե ինչու չեն կարող գործել կամ ինչու չպետք է գործեն։

Խոսքը միայն Ռուբենի մասին չէ։

Եվս 18 հայ մնում է ադրբեջանական կալանքի տակ։ Նրանցից ոմանք վեց տարի չեն տեսել իրենց հարազատներին, նամակներ չեն ստացել, չեն լսել նրանց ձայնը կամ ձեռքում չեն պահել իրենց երեխաների ու թոռների լուսանկարները։

Իրենց ընտանիքների համար նրանք «օրակարգային հարց», «քաղաքական հարց» կամ «բարդ դիվանագիտական խնդիր» չեն։ Նրանք ամուսիններ են, հայրեր, պապիկներ, որդիներ և եղբայրներ։ Նրանց միակ «մեղքն» այն է, որ ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը։ Այսօր չափազանց հաճախ է թվում, թե նրանց ճակատագիրն իրականում քչերին է հուզում՝ բացի իրենց ընտանիքներից։

Այս ամբողջ ընթացքում նրանց ճակատագրի շուրջ շարունակվում են անվերջ քննարկումները՝ մեխանիզմների, ընթացակարգերի, լիազորությունների և քաղաքական հանգամանքների մասին։ Մինչ ոմանք զբաղված են իրենց քաղաքական դիրքերը պահպանելով, մյուսները, գտնվելով անազատության մեջ, տարիներ շարունակ սպասում են գոնե մեկ լուսանկարի, մեկ նամակի կամ հարազատներից մի քանի խոսքի։

Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի փակվելուց ի վեր հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից: Միջազգային այն մեխանիզմները, որոնք նման իրավիճակներում պետք է պաշտպանեն մարդուն, գործնականում չեն աշխատում։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ այս հարցը իր իրավասությունների շրջանակում չէ։

Իսկ Ադրբեջան կատարած այցերի ընթացքում իրենց իսկ երկրի պետական պատվիրակությունները հնարավորություն չեն գտնում այցելելու այդ մարդկանց, հանդիպելու նրանց, տեղում ծանոթանալու պահման պայմաններին և գնահատելու նրանց առողջական վիճակը։

Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։

Դիմում եմ Ադրբեջանի օմբուդսմեն տիկին Սաբինա Ալիևային և նրա գրասենյակին՝ խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու, պաշտոնական հանդիպմանը, Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն և նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների և օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը։

Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն։

Ես հավատում եմ, որ կարող ենք մարդ մնալ միայն այն դեպքում, եթե թույլ չտանք, որ անտարբերությունըը դառնա նորմ, սովորական երևույթ, եթե, նույնիսկ ամենածանր հանգամանքներում, շարունակենք պահպանել կարեկցանքը, սերը և գթասրտությունը։

Ուզում եմ հավատալ, որ նույնիսկ այնտեղ, որտեղ քաղաքականությունը ոչնչացնում է վստահությունը, դեռ մնում է մարդկային քայլի հնարավորություն։ Առաջնորդներն ու հզոր պետությունները պատմության մեջ հիշվում են ոչ միայն իրենց հաղթանակներով, այլև իրենց իշխանության տակ հայտնված մարդկանց հանդեպ ցուցաբերած ողորմածությամբ։ Հենց այդպիսի արարքներն են մնում պատմության մեջ։

Այս նախաձեռնությունը քաղաքական ակցիա չէ: Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։

Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել:

Հայտարարության ամբողջական տեքստը և մարդասիրական նախաձեռնության մանրամասները, ներառյալ նամակների ուղարկման կարգը, հասանելի են այս հղումով»,-ասվում է հայտարարության մեջ:

Զոնաբենդը նշել է, որ պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։