15 հունիսի 2026 - 15:59 AMT
Զելենսկին հայտնել է G7-ի շրջանակում Թրամփի հետ հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու է Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում, որտեղ հունիսի 15-17-ը անցկացվելու է «Մեծ յոթնյակի»` G7-ի գագաթնաժողովը։ Այդ մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում՝ Սպիտակ տան ղեկավարի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։

Զելենսկին նշել է. «Մենք քննարկել ենք այն, ինչը կարող է այժմ օգնել խաղաղության մոտեցմանը, և ես նախագահին տեղեկացրել եմ ռազմաճակատում տեղի ունեցած վերջին զարգացումների և մեր դիրքերի ամրապնդման մասին։ Պայմանավորվել ենք ավելի մանրամասն քննարկել այս հարցերը G7 գագաթնաժողովում կայանալիք մեր հանդիպման ընթացքում», հայտնում է Deutsche Welle-ն:

Նա հավելել է, որ կան մի քանի լավ գաղափարներ, որոնք կարող են օգնել մոտեցնել խաղաղությունն ու պահպանել մարդկանց կյանքերը։ Մեկ այլ գրառման մեջ Ուկրաինայի նախագահը նշել է, որ «Ուկրաինայի պաշտպանությունը, ինչպես նաև խաղաղության հասնելու հնարավորությունները, լինելու են գլխավոր թեմաների շարքում»։

Զելենսկին Թրամփի հետ զրույցը բնութագրել է որպես «հիանալի»։ Նա նաև շնորհավորել է ԱՄՆ նախագահին 80-ամյակի առթիվ։

«Մենք բավական մանրամասն քննարկել ենք բազմաթիվ կարևոր հարցեր, այդ թվում՝ իհարկե խաղաղությունը։ Ես նախագահ Թրամփին հաջողություն եմ մաղթել, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցմանն ուղղված նրա ջանքերում»,- գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով. «Կարևոր է, որ մենք երախտագիտությամբ ենք հիշում այդ աջակցության յուրաքանչյուր քայլը՝ Javelin-ից մինչև Patriot»։

Զելենսկիի խոսքով՝ զրույցի ընթացքում քաղաքական գործիչները երկար քննարկել են «պատերազմը, դրա արմատները, դիվանագիտական հնարավորությունները և գործընկերների դիրքորոշումները»։ Նա ընդգծել է, որ ամերիկյան հասարակությունն ամբողջությամբ աջակցում է Ուկրաինայի ձգտմանը՝ հասնելու արժանապատիվ խաղաղության։

Նա նաև անդրադարձել է Ղրիմի թեմային՝ նշելով. «Նախագահ Թրամփն այսօր ճիշտ էր, երբ խոսեց մեր Ղրիմի մասին․ ամեն ինչ սկսվել է հենց Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից, և եթե այն ժամանակ ուժեղ առաջնորդություն լիներ, ամբողջ պատերազմը պարզապես չէր լինի»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահի 80-ամյակի առթիվ նրան շնորհավորել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին հայտնել է նրա օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովի խոսքով՝ զրույցը եղել է «բարեկամական և անկեղծ» և տևել է ուղիղ 55 րոպե։ Նրա փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են միջազգային իրավիճակը, երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը և երկու երկրների ներկայացուցիչների միջև հնարավոր շփումները։ Պուտինը նաև շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին։

ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Թրամփը հայտնել է՝ Պուտինը դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, որը նրան զանգահարել է Սպիտակ տուն։

Ուշակովի փոխանցմամբ՝ Թրամփը կրկին ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է, որ եթե պատերազմն ավարտվի հնարավորինս շուտ, ապա կբացվեն «ամերիկա-ռուսական հարաբերությունների իրական նոր որակի ձևավորման հեռանկարներ»։ Իր հերթին Պուտինը խոսել է Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների նկատմամբ Կիևի հարվածների մասին։

Կրեմլը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մոտ ապագայում կրկին կայցելեն Ռուսաստան։

Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր փոխըմբռնման հուշագրի շուրջ իրավիճակը։ Ուշակովի խոսքով՝ «նշվել է իրավիճակի կայունացման և այն խորքային խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը, որոնցով դեռևս պետք է լրջորեն զբաղվել»։

Photo. AP