15 հունիսի 2026 - 17:10 AMT
Դատարանն անվավեր է ճանաչել ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքը Ծաղկաձորի ճոպանուղու հողամասի նկատմամբ

Դատարանն անվավեր է ճանաչել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 225․1 հեկտար մակերեսով և 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցը Վարչական դատարանի կողմից բավարարվել է։

Գործի նյութերի համաձայն՝ 2005-ի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 253 որոշումը և համապատասխան պայմանագիրը, գրանցել էր «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքը Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225.1 հեկտար մակերեսով պետական հողամասի նկատմամբ։ Որպես իրավական հիմք կիրառվել էր «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 23-րդ հոդվածը։

Դատարանը եզրակացրել է, որ վիճարկվող հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը տրամադրվել է նշված ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, հետևաբար այդ օրենքի 23-րդ հոդվածի հիմքով կազմակերպության սեփականության իրավունքի առաջացումը չէր կարող համարվել իրավաչափ։

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Ծաղկաձորում գտնվող 225.1 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի ՀՀ սեփականության իրավունքը։

Միաժամանակ նշվել է, որ դատական ակտի դեմ պատասխանող կողմը ներկայացրել է վերաքննիչ բողոք։