15 հունիսի 2026 - 17:35 AMT
Սիմոնյանն առաջարկում է փոխել պատգամավորների երդման տեքստը

Կփոխվի ԱԺ պատգամավորների երդման տեքստը, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով այն մի քանի օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դեռ կհասցնի ընդունել 8-րդ գումարման խորհրդարանը:

«Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը և մեր օրենսդրությանը: Այն կլինի հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովրդի համար կարևոր արժեքների մասին»,-ասել է նա:

Սիմոնյանն առաջարկել է նաև պարտադիր դարձնել ՀՀ դրոշի տեղադրումը բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ՝ նշելով, որ այդ գաղափարն առաջացել է քարոզարշավի ժամանակ:

«Սա նույնպես կբերվի Ազգային ժողովի օրակարգ և կքվեարկվի»,-ասել է նա:

Նա նաև առաջարկվել է խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատժաչափերը։ Նախագծի համաձայն՝ այդ արարքների համար կարող է սահմանվել համապատասխանաբար մինչև 10 և մինչև 9 տարվա ազատազրկում։