
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի աշխատակիցները բոյկոտ են հայտարարել «վերադասի կամայական և անհիմն որոշումների» պատճառով: Այդ մասին ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակների պնդմամբ՝ ռեկտորը չի կատարել նախկինում տրված խոստումը՝ նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նրան ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։
«Ի՞նչ է տեղի ունեցել. ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:
Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։
Արտահայտելով մեր միասնական և սկզբունքային դիրքորոշումը՝ մենք հայտարարում ենք բոյկոտ և դադարեցնում մեր աշխատանքային պարտականությունների կատարումը:
Մենք ունենք հստակ խնդրանք և պահանջ․
Հանդիպում ՀՀ Վարչապետի հետ. ակնկալում ենք ընդունելություն՝ ստեղծված խնդիրն անձամբ պետական բարձրագույն մակարդակով ներկայացնելու համար։
Արդարության վերականգնում. մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը՝ ԺՊ նշանակել Կ. Պետրոսյանին՝ ապահովելով բուհի բնականոն աշխատանքը:
Աշխատակազմը պատրաստ է վերադառնալ իր աշխատանքին պարտականությունների կատարմանը միայն այս երկու պայմաններից մեկի բավարարման դեպքում»,- գրված է հաղորդագրության մեջ։