
«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում ավարտվել է երկրպագուների քվեարկությունը, որի արդյունքներով 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Նա լավագույնն էր ճանաչվել նաև մրցաշրջանի առաջին հատվածից հետո։
Սպերցյանը ստացել է ձայների 35․26 տոկոսը:
Քվեարկությունում երրորդ տեղը զբաղեցրել է դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը, իսկ Երկրորդ հորիզոնականը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է հարձակվող Ջոն Կորդոբան, ասվում է ակումբի կայքում:
Քվեարկությանը մասնակցել է 1769 մարդ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և շնորհավորել Էդուարդ Սպերցյանին, ինչպես նաև մյուս մրցանակակիրներինմ։
Անցած մրցաշրջանում Սպերցյանը սահմանել էր ակումբային նոր ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում կատարելով 17 գոլային փոխանցում, ինչպես նաև կրկնել է Ռուսաստանի առաջնության բարձրագույն դիվիզիոնի ռեկորդը՝ 16 գոլային փոխանցմամբ։ Բացի այդ, Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խփել է 13 գոլ, ևս մեկը՝ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ «Գոլ + փոխանցում» համակարգով նա նույնպես եղել է ազգային առաջնության լավագույններից։