
Երեք օր առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալված հայտնի մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին ազատ է արձակվել։ Նրա փաստաբանի՝ Վաչե Սիմոնյանի խոսքով, դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները նրա կալանավորման վերաբերյալ միջնորդություն չեն ներկայացրել Հայաստանի դատախազությանը, հայտնում է «Ազատությունը»:
Միևնույն ժամանակ, Վերբիցկին դեռևս չի կարող լքել Հայաստանի տարածքը։
Փաստաբանի խոսքով՝ դա պայմանավորված է Ռուսաստանի կողմից նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքով և միջազգային հետախուզմամբ։ Քանի դեռ գիտնականը գտնվում է հետախուզման մեջ, Հայաստանի իրավասու մարմինները չեն կարող թույլատրել նրան հատել սահմանը։
Մաթեմատիկոսը նշել է, որ Իսրայել վերադառնալու տոմս ունի, սակայն այժմ ստիպված է մնալ Հայաստանում։
«Հենց օդանավակայանում ձերբակալեցին, ձեռնաշղթաներ անցկացրեցին, տարան ճաղերից այն կողմ՝ ձերբակալվածների պահման վայր: Սկզբում ոչինչ չասացին, հետո հայտնեցին, թե կտեղափոխեն Ռուսաստան: Ձերբակալեցին, քանի որ ինձ Ռուսաստանը հետախուզում է: Ես սրա մասին գիտեի, բայց չգիտեի, որ Հայաստան գալով՝ կձերբակալվեմ, Հայաստանի մասին լավ բաներ եմ լսել, անսպասելի էր, քանի որ շատ ամերիկյան ու անգլիական լրագրողներ, գրողներ են հետախուզվում, որ գային Հայաստան, կձերբակալվեի՞ն, չէի սպասում», - պատմել է նա։
Գլխավոր դատախազությունը դեռևս չի հայտնել, թե Ռուսաստանի կողմից ինչ փաստաթղթեր են ստացվել Վերբիցկիի գործի շրջանակում։
Գիտնականը նաև ներկայացրել է իր վարկածը իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։
«Իբր ես կասկածի տակ եմ դրել «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության բացահայտման արդյունքները: Իսկապես այդպես է, քանի որ ահաբեկչության համար մեղադրվողների ականջներն են կտրել, աչքերն են վնասել, ծեծել են, ահավոր է, և ես ոչ թե կասկածի տակ եմ դրել հետաքննության արդյունքները, այլ՝ թե ինչպես է դա տեղի ունենում՝ մարդկանց ականջներն ու աչքերը վնասում, ծեծում են, և այդ ամենը ցուցադրում են հեռուստատեսությամբ, ասում են՝ լավ է, հիանալի է», - ասել է մաթեմատիկոսը։
Վերբիցկին նշել է նաև, որ եթե ստիպված լինի մնալ Հայաստանում, կարող է համագործակցել տեղացի գիտնականների հետ։ Նրա խոսքով՝ ներկայում աշխատում է Ռիո դե Ժանեյրոյի համալսարանում և կարող է շարունակել աշխատանքը հեռավար ձևաչափով։
«Եթե այստեղ ինտերնետ ունենամ, ապա կարող եմ հեռավար աշխատել», - ասել է նա։
Հարվարդի համալսարանում դոկտորի աստիճան ստացած և մի շարք միջազգային համալսարաններում դասավանդած 56-ամյա Վերբիցկին Ռուսաստանի կողմից հետախուզվում է 2025 թվականից։
Նրա պաշտպան Վաչե Սիմոնյանի փոխանցմամբ՝ Հայաստանի սահմանը հատելիս գիտնականին տեղեկացրել են, որ Ռուսաստանի իրավապահները նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել ահաբեկչական գործունեության հրապարակային կոչերի, ահաբեկչությունն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով և հայտարարել են հետախուզում։
Միխայիլ Վերբիցկին հայտնի է նաև նրանով, որ հրապարակայնորեն քննադատում է Վլադիմիր Պուտինի իշխանությունը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ տարվող պատերազմը։