16 հունիսի 2026 - 10:42 AMT
Միրզոյան․ ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն և շարունակական աշխատանքներն ուղղված են դրա հետագա ամրապնդմանը, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդների Թագավորության նորանշանակ ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ հանդիպմանը: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում, որտեղ ընթանում է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:

Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերը՝ կարևորելով ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր ոլորտներում հստակ ծրագրերի իրականացումը։ Կարևորվել է նաև գործարար հարաբերությունների ակտիվացումն ու երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացումը։

Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում՝ TRIPP ծրագիրը, ինչպես նաև տարածաշրջանում համագործակցության խթանման առկա ընթացքը։

Լյուքսեմբուրգում անցկացվող ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում քննարկվելու են նաև Հայաստանին աջակցելու միջոցները: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նիստի մեկնարկից առաջ: Նա հավելել է, որ տեսնում են Ռուսաստանի կողմից աճող ճնշումը: