16 հունիսի 2026 - 11:12 AMT
12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով մեղադրյալի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու դեպքի շրջանակում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:

Նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը մերժվել է և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

«Քրեական վարույթով նախաքննության համակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ: Նշանակվել են փորձաքննություններ»,- հաստատել են կոմիտեից։

Նախաքննությունը շարունակվում է։

Մոտ երկու շաբաթ առաջ Օրգովի միջնակարգ դպրոցի 5-8 դասարանների 21 աշակերտ ուղևորվել էր Կարին գյուղ կրթական էքսկուրսիայի։ Երեխան տուն է եկել ուժեղ գլխացավով՝ 40 աստիճան ջերմությամբ ու ագրեսիվ։ Նույն օրը երեխային հասցրել են «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն, հետո՝ «Ուիգմոր»։ Երկու բուժկենտրոններում բազմաթիվ հետազոտություններ են արել, օրեր անց են բժիշկները նարկոլոգիական հետազոտության առաջարկ արել և հայտնաբերել թմրանյութի առկայությունը: