
Եվրասիական զարգացման բանկը՝ ԵԱԶԲ-ն, 2026 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսել է 6% մակարդակում։ Այդ մասին ասվում է բանկի 2026–2028 թվականների մակրոտնտեսական կանխատեսման մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը 2026 թվականի սկզբին պահպանել է բարձր աճի տեմպերը։ Հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9%-ով՝ կայուն ներքին պահանջարկի ազդեցությամբ, հայտնում է Sputnik Արմենիան:
Աճի հիմնական գործոններից մեկը դարձել են բնակչության վարկավորման բարձր տեմպերը․ ապրիլին վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 15%-ով։ Նպաստող հանգամանք է դարձել նաև հունվար-ապրիլին տնային տնտեսություններին փոխանցվող դրամական միջոցների 17․3% աճը։ Տնտեսական աճի գլխավոր շարժիչները եղել են ծառայությունների ոլորտը, որտեղ արձանագրվել է 7․6% աճ, և շինարարությունը՝ 22․9%։ Տնտեսությանն լրացուցիչ աջակցություն է ցուցաբերել նաև արդյունաբերական արտադրության արագացումը, որը հունվար-ապրիլին աճել է 13%-ով։
«Կանխատեսում ենք Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ 2026 թվականին և դրա կայունացում 5․5% մակարդակում 2027–2028 թվականներին։ Դրան կնպաստեն մի շարք գործոններ։ Բարձր ներքին պահանջարկը կշարունակի աջակցել տնտեսական աճին։ ՀՆԱ-ի ընդլայնման մեջ հիմնական ավանդը կապահովի տնային տնտեսությունների սպառումը՝ ակտիվ վարկավորման և խնայողությունների բարձր մակարդակի ֆոնին։ Ներդրումային ակտիվությունը նույնպես կմնա աճի առանցքային գործոններից մեկը»,- ասված է զեկույցում։
ԵԱԶԲ-ից նշել են, որ 2026 թվականի առաջին եռամսյակում հիմնական կապիտալում ներդրումներն աճել են 7․2%-ով, իսկ դրանց ծավալը պահպանվել է առավելագույն ցուցանիշներին մոտ մակարդակում։ 2025 թվականին այդ ներդրումները կազմել են ՀՆԱ-ի 21%-ը՝ վերջին տասնամյակի 19% միջին ցուցանիշի համեմատ։ Բանկում գնահատել են, որ կապիտալի ներհոսքը Հայաստան շարունակել է աճել՝ ռիսկի պարգևավճարի նվազման և սուվերեն վարկանիշների բարելավման շնորհիվ։
Պետական ներդրումներն ևս նպաստել են տնտեսության աճի ներուժի ընդլայնմանը։ Բանկի գնահատմամբ՝ բյուջեի կապիտալ ծախսերի պահպանումը ՀՆԱ-ի 5․7% մակարդակում 2026–2028 թվականներին բարձրացնելու է տնտեսության ընդհանուր արտադրողականությունը։
Բացի այդ, ԵԱԶԲ-ում ակնկալում են, որ Ռուսաստանում տնտեսական ակտիվության վերականգնումը դրական ազդեցություն է ունենալու արտաքին պահանջարկի վրա՝ աջակցելով արտահանման եկամուտներին և Հայաստան փոխանցվող դրամական միջոցների ծավալներին։
Արտաքին առևտրի դեֆիցիտը 2026 թվականի հունվար-ապրիլին կազմել է 1․6 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 1․5 մլրդ դոլարի դիմաց։ Միաժամանակ ներմուծումն աճել է 2․5%-ով, իսկ արտահանումը նվազել է 3․3%-ով։
Գնաճը գերազանցել է Հայաստանի կենտրոնական բանկի նպատակային միջակայքը (3±1%)։ Ապրիլին ցուցանիշը հասել է 5․3%-ի՝ տարեկան արտահայտությամբ, մինչդեռ փետրվարին այն կազմել է 4․5%, իսկ մարտին՝ 4․2%։ Գների աճի հիմնական պատճառը եղել է սննդամթերքի թանկացումը։
ԵԱԶԲ-ի գնահատմամբ՝ լրացուցիչ գնաճային ճնշում կարող են առաջացնել նավթի բարձր գները և շարունակվող աշխարհաքաղաքական ռիսկերը։ «Brent» տեսակի նավթի միջին արժեքը (1 բարելի դիմաց ավելի քան 80 դոլար), ինչպես նաև մատակարարումների համաշխարհային շղթաներում հնարավոր խափանումները կարող են ավելացնել բիզնեսի ծախսերը։
ԵԱԶԲ–ն տնտեսության համար հիմնական ռիսկերի շարքում նշել է գնաճի հետագա արագացումն ու արտաքին պահանջարկի թուլացումը։ Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային մատակարարման շղթաների խափանումների և գնաճային ճնշման ուժեղացման։ Բարձր աշխարհաքաղաքական լարվածությունը ևս նպաստում է նավթի բարձր գների պահպանմանը։
Լրացուցիչ ռիսկ է համարվել պարենամթերքի, էներգակիրների համաշխարհային գների և լոգիստիկ ծառայությունների արժեքի աճը, որը կարող է ուժեղացնել ներմուծվող գնաճը և ավելացնել վերամշակող արդյունաբերության, արտաքին առևտրի ու տրանսպորտի ոլորտների ծախսերը։
Միևնույն ժամանակ պահպանվում է Հայաստանից արտահանման դանդաղման ռիսկը՝ Մերձավոր Արևելքի երկրներում, որոնք Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներն են, տնտեսական իրավիճակի հնարավոր վատթարացման պատճառով։ Նավթի համաշխարհային գների նվազումը՝ հիմնական սցենարի համեմատ, ևս որոշակի ռիսկեր է պարունակել երկրի տնտեսության համար։ Ազդեցության գլխավոր ուղղությունը կարող է դառնալ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկի թուլացումը։ Այդուհանդերձ, ավելի ցածր էներգակիրային գները կարող են նվազեցնել արտադրական և տրանսպորտային ծախսերը։
Նշվել է, որ 2025 թվականի վերջին ԵԱԶԲ-ն 2026 թվականի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսել էր 5․3% մակարդակում։
ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն իրականացրել է ներդրումային գործունեություն եվրասիական տարածքում։ Կազմակերպության անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, որը վերջերս է միացել բանկին։