
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործի քննությունը Վերաքննիչ դատարանում ավարտվել է: Որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին, հայտնում է Aysor.am-ը:
Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է. «Պայմանավորված այն հանգամանքով, որ գործի հայտերը մոտ 40-ն են և, ըստ էության, մոտ 3 դատական վերանայման բողոք է ներկայացված, լրացուցիչ անհրաժեշտություն կա դատարանի կողմից, որ գործի նյութերը կրկին ուսումնասիրվեն և դրանից հետո նոր միայն որոշում կայացվի։ Դատարանում այսօր արձանագրվեց, որ որպես այդպիսին՝ դատավարական որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա, պարզապես տվյալ օրը՝ հունիսի 25-ին, դատական նիստը կբացվի և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ, որից հետո կհրապարակվի որոշումը»։
Փաստաբանը նաև ընդգծել է, որ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ուսումնասիրվել է տեսագրությունը, որից, նրա խոսքով, ակնհայտ է դարձել, որ Դավիթ Համբարձումյանը ծեծկռտուքի մասնակից չի եղել։
Պապոյանը հայտարարել է, որ Դավիթ Համբարձումյանն անմեղ է, ուստի արդարացման դատական ակտ պետք է կայացվի։
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում «ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու» և նույն օրը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով։ Համբարձումյանը կալանավորվել էր, այնուհետև 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Քննչական կոմիտեն 2019 թվականին հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ զանգվածային անկարգությունների դրվագով։ Սակայն 2025 թվականի հոկտեմբերի 23-ին Դավիթ Համբարձումյանը դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ յոթ տարի առաջվա այս գործի շրջանակում, որի քննության ընթացքում դատարանում հարցաքննված որևէ վկա մեղադրական ցուցմունք չէր տվել նրա դեմ։
Այդ օրերին Համբարձումյանը Հայաստանում չէր գտնվել, սակայն հայտարարությամբ տեղեկացրել էր, շուտով վերադառնալու է: Այդ հայտարարությունից մի քանի օր անց նա վերադարձել էր Հայաստան, որտեղ նրան կալանավորել էին օդանավի դռան մոտ։ Հունվարին դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել էր տնային կալանքը։