
Աշխարհի երեխաների գրեթե կեսը՝ մոտ 1.1 միլիարդ երեխա, ենթարկվում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի ազդեցության, ինչը վտանգում է նրանց առողջությունը, կրթությունը և անգամ կյանքը։ Այդ մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների կլիմայական ռիսկերի զեկույց - 2026» նոր զեկույցում (Children’s Climate Risk Report 2026)։
Փաստաթղթում նաև նշվում է, որ աշխարհում գրեթե յուրաքանչյուր երեխա առերեսվում է առնվազն մեկ կլիմայական վտանգի, մինչդեռ ավելի քան 4 միլիոն երեխա կարող է միաժամանակ ենթարկվել մինչև վեց կլիմայական վտանգի։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հայտնում է, որ «Երեխաների կլիմայական ռիսկերի զեկույց – 2026թ.»-ը հիմնվել է վերջին հասանելի տվյալների վրա և քարտեզագրել է երեխաների առջև կանգնած ութ առավել տարածված վտանգները։ Դրանք են՝ ափամերձ ջրհեղեղները, երաշտները, ծայրահեղ շոգը, հրդեհները, ջերմային ալիքները, գետերի վարարումից առաջացող ջրհեղեղները, ավազի և փոշու փոթորիկները, ինչպես նաև արևադարձային փոթորիկները։
Առաջին անգամ զեկույցը հստակ ներկայացրել է, թե որ վայրերում և ինչ ուժգնությամբ են բազմաթիվ ու փոխկապակցված կլիմայական վտանգներ ազդում երեխաների և նրանց համար կենսական նշանակություն ունեցող սոցիալական ծառայությունների վրա, ինչպես նաև առանձնացրել է այն գործնական քայլերը, որոնք կառավարությունները կարող են իրականացնել՝ այդ մարտահրավերներին արձագանքելու նպատակով։
«Ջերմային ալիքները, անտառային հրդեհները, երաշտներն ու ջրհեղեղները շարունակում են խաթարել երեխաների կյանքը: Այսօր աշխարհի երեխաների կեսն ապրում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի պայմաններում, որոնք ազդում են նրանց առօրյա կյանքի վրա»,-ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։
Զեկույցի համաձայն՝ կլիմայական վտանգների ամենատարածված համակցությունը եղել է երաշտը, ծայրահեղ շոգը և ջերմային ալիքները։ Ավելի քան 296 միլիոն երեխա ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ այս երեք վտանգները միաժամանակ առկա են։
Երկրորդ ամենատարածված համադրությունը՝ երաշտը, ծայրահեղ շոգը և արևադարձային փոթորիկները, վտանգի տակ է դրել ավելի քան 115 միլիոն երեխայի ամբողջ աշխարհում։ Կլիմայական փոփոխությունների հետևանքներից առավելապես տուժած Աֆրիկայի Սահել տարածաշրջանում ավելի քան 4 միլիոն երեխա միաժամանակ բախվել է ջերմային ալիքների, ծայրահեղ շոգի և ավազի ու փոշու փոթորիկների ազդեցությանը։ Իսկ Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Բանգլադեշում, Մյանմայում և Պակիստանում, երեխաները միաժամանակ ենթարկվում են ավելի մեծ թվով կլիմայական ռիսկերի և ավելի բարձր ինտենսիվությամբ, քան աշխարհի որևէ այլ հատվածում։
Բարձր եկամուտ ունեցող երկրները ևս պաշտպանված չեն համաժամանակյա կլիմայական ցնցումներից։ Օրինակ՝ Իտալիայում ավելի քան 6 միլիոն երեխա ենթարկվում է երկարատև ջերմային ալիքների և երաշտի ազդեցությանը։ Միաժամանակ, Իտալիայի փորձը ցույց է տվել, որ կլիմայի փոփոխությանը հարմարվելու ուղղությամբ կատարված ներդրումները կարող են նվազեցնել երեխաների առջև ծառացած որոշ ռիսկեր, թեև կլիմայական ճգնաժամի խորացման պայմաններում անհրաժեշտ են ավելի վճռական քայլեր։
Ութ ամենատարածված կլիմայական վտանգներից բացի՝ զեկույցում գնահատվել է նաև երեխաների առնչությունը օդի աղտոտվածությանը և մալարիային՝ երկու ռիսկի, որոնք հատկապես զգայուն են կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ։ Տվյալները ցույց են տվել, որ օդի աղտոտվածությունն ազդում է գրեթե բոլոր երեխաների վրա ամբողջ աշխարհում, մինչդեռ 1 միլիարդ երեխա ենթարկվում է մալարիայի վտանգին՝ լրացուցիչ ռիսկ ստեղծելով այն երեխաների համար, որոնք արդեն բախվում են բազմաթիվ կլիմայական վտանգների։
Զեկույցում անդրադարձ է կատարվել երեխաների առջև ծառացած ռիսկերի գնահատման մեթոդաբանությանը, որը հաշվի է առել կլիմայական վտանգների ազդեցությունը, դրանց առնչվելու հավանականությունը, ինչպես նաև երեխաների խոցելիության մակարդակը՝ գնահատելով առողջապահական, կրթական, ջրամատակարարման և այլ կենսական ծառայությունների հասանելիությունը։
Փաստաթուղթը նախազգուշացնում է, որ եթե ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ անհապաղ քայլեր չձեռնարկվեն, կլիմայական վտանգներն ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ կդառնան՝ մեծացնելով ճնշումը պետական համակարգերի և բյուջեների վրա և վտանգելով երեխաների բարեկեցությունը։
Երեխաների իրավունքները կլիմայական սպառնալիքներից պաշտպանելու և շրջակա միջավայրի փոփոխություններին հարմարվելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել կառավարություններին, գործարար շրջանակներին և մյուս գործընկերներին՝
Նվազեցնել արտանետումները և իրականացնել հավակնոտ քայլեր՝ ստանձնած միջազգային պարտավորությունները կյանքի կոչելու համար՝ առաջնորդվելով արդիական գիտական ապացույցներով։ Սա ներառում է հանածո վառելիքից արագ և փուլային հրաժարումը, ինչպես նաև արդար անցումը դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ։
Պաշտպանել երեխաներին ներառական կլիմայական հարմարվողականության, աղետների ռիսկի նվազեցման և կորուստներին ու վնասներին արձագանքման միջոցով՝ առաջնահերթություն տալով սոցիալական ծառայությունների դիմակայունությանը։ Անհրաժեշտ է ապահովել, որ երեխաները և նրանց համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները ներառվեն ազգային հարմարվողականության ծրագրերում, ոլորտային ռազմավարություններում, աղետների ռիսկի կառավարման, պատրաստվածության և արձագանքման ծրագրերում։ Սա ներառում է, օրինակ, անվտանգ և կանաչ կրթական միջավայրերի ստեղծումը, կլիմայական ազդեցություններին դիմակայուն առողջապահական ծառայությունների զարգացումը, երեխաների պարենային անվտանգության ապահովումը, բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգերի ներդրումը, որոնք արդյունավետորեն կպաշտպանեն երեխաներին և կապահովեն նրանց համար կենսական ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև ջրամատակարարման, սանիտարահիգիենիկ ծառայությունների և սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդումը։
Ընդլայնել երեխաների և երիտասարդների բովանդակային մասնակցությունը կլիմայական որոշումների ընդունման և գործողությունների իրականացման գործընթացներում՝ ներդրումներ կատարելով կլիմայական կրթության, գիտելիքների և հմտությունների զարգացման մեջ, ինչպես նաև ամրապնդելով որոշում կայացնողների և մասնագետների կարողությունները՝ հարգելու երեխաների լսված լինելու, կարծիք արտահայտելու և իրենց կյանքին առնչվող որոշումներին մասնակցելու իրավունքները։
«Երեխաների կլիմայական ռիսկերի զեկույց - 2026 թ.» գնահատում է այն ութ ամենատարածված վտանգները, որոնց ենթարկվում են երեխաները, այն է՝ ափամերձ ջրհեղեղներ, երաշտներ, ծայրահեղ շոգ, հրդեհներ, ջերմային ալիքներ, գետերի վարարումից առաջացող ջրհեղեղներ, ավազի և փոշու փոթորիկներ, ինչպես նաև արևադարձային փոթորիկներ։ Զեկույցում դիտարկվում են նաև կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն երկու լրացուցիչ ռիսկեր՝ օդի աղտոտվածությունը և փոխանցողներով պայմանավորված հիվանդությունները։ Միաժամանակ, հաշվի են առնվում երեխաների խոցելիության յոթ հիմնական չափորոշիչներ՝ ջուր, սանիտարահիգիենիկ պայմաններ, սնուցում, երեխայի պաշտպանություն, առողջապահություն, կրթություն, աղքատություն և կյանքի պահպանում։
Հայաստանում իրավիճակի վերաբերյալ տվյալները ցույց են տվել, որ ավելի քան 580 հազար երեխա ենթարկվում է կլիմայական առնվազն երկու վտանգի ազդեցության, իսկ շուրջ 30 հազար երեխա՝ առնվազն երեք կլիմայական վտանգի։
Ավելի քան 650 հազար երեխա ենթարկվում է օդերևութաբանական երաշտի, ավելի քան 375 հազարը՝ գյուղատնտեսական երաշտի, 460 հազարը՝ հաճախակի ջերմային ալիքների, իսկ մոտ 20 հազարը՝ գետերի վարարումից առաջացող ջրհեղեղների ազդեցությանը։
Ավելի քան 668 հազար երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցությանը։